Իրանը կպատասխանի բոլոր նրանց, ովքեր թույլ կտան իրենց տարածքներն օգտագործել իր դեմ հարձակումների համար․ Ղալիբաֆ
Իրանի Իսլամական Հանրապետության մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է՝ Թեհրանը կպատասխանի բոլոր այն երկրներին, որոնք թույլ են տալիս օգտագործել իրենց տարածքներն իր դեմ հնարավոր հարձակումների համար: Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը՝ հղում անելով լիբանանյան «Al Mayadeen» հեռուստաալիքին Ղալիբաֆի տված հարցազրույցին:
«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ հարևան երկրների օդային տարածությունն ու տարածքը չպետք է օգտագործվեն մեր երկրի վրա հարձակվելու համար»,- ասել է նա։
Իրանի օրենսդիր մարմնի ղեկավարի խոսքով՝ Թեհրանը վստահ է, որ Արևմտյան Ասիայի տարածաշրջանում իր հարևանները հաշվի են առնում այս հարցը, ինչպես նախկինում պարտավորվել էին չօգտագործել իրենց տարածքները Իրանի դեմ։
«Մենք խաղաղ հարաբերություններ ունենք տարածաշրջանի բոլոր երկրների հետ։ Սակայն եթե երրորդ երկրի տարածքն օգտագործվի Իսլամական Հանրապետության դեմ ագրեսիա իրականացնելու համար, մեր պատասխանը կլինի պարզ ու բնական, որովհետև մենք պատասխան միջոցներ կձեռնարկենք ցանկացած տարածքի նկատմամբ, որտեղից հարձակում կսկսվի Իրանի վրա։ Մենք բազմիցս հայտարարել ենք՝ չենք ցանկանում, որ պատերազմն ընդլայնվի, սակայն, անկասկած, հզոր և պատշաճ կերպով կպատասխանենք մեր երկրի վրա ցանկացած հարձակման»,- ասել է նա։
Ղալիբաֆը նաև վերահաստատել է Իրանի աջակցությունը Պաղեստինի և Լիբանանի ժողովուրդներին։
Add new comment