Submitted by D.Guyumjyan on
detq

ԱՄՆ-ի հետ բանակցությունները դադարեցվել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի պատճառով. Արաղչի

Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Օմանի միջնորդությամբ ԱՄՆ-ի հետ մեկնարկած բանակցային գործընթացը դադարեցվել է Մերձավոր Արևելքում ստեղծված հատուկ իրավիճակի պատճառով։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Օմանի մայրաքաղաք Մասկատ կատարած այցի ժամանակ Արաղչին մասնավորապես ասել է․ «Մասկատի գործընթացը դադարեցված է տարածաշրջանում ստեղծված հատուկ իրավիճակի պատճառով։ Ներկա պահին բանակցությունների հիմք չենք տեսնում։ Հենց որ կարողանանք հաղթահարել ներկա ճգնաժամը, կորոշենք՝ վերադառնա՞լ այս աշխատանքին, թե՞ ոչ։

Թե՛ ԱՄՆ-ն, թե՛ եվրոպական երկրներն ու տարածաշրջանի երկրները պետք է իմանան՝ ինչպիսին է Իրանի դիրքորոշումը։ Մեր դիրքորոշումը միանգամայն հստակ է, բազմիցս կրկնել ենք, որ պատերազմ և բախումներ չենք ուզում: Թեև լիովին պատրաստ ենք դրան, բայց կարծում ենք, որ դիվանագիտությունը պետք է արդյունավետ աշխատի՝ դա թույլ չտալու համար»։

Իրանի գլխավոր դիվանագետը հավելել է, որ տարածաշրջանը բարձր մարտական պատրաստության մեջ է, և չի բացառվում, որ լայնածավալ հակամարտությունների շեմին է։ Ըստ նրա՝ դիվանագիտությունը միակ միջոցն է խոշոր ճգնաժամերը կանխելու և լարվածության աճից ու պատերազմից խուսափելու համար։ 

 

 

Add new comment