Թուրքական կողմը «3+3» ձևաչափով խորհրդատվական հարթակի վերաբերյալ մանրամասներ է հայտնել
Թուրքիայի պետական «TRT Haber»-ը լուր է հրապարակել հոկտեմբերի 18-ին Ստամբուլում «3+3» ձևաչափով խորհրդատվական հարթակի վերաբերյալ։
Նշվել է, որ հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Քննարկվելու են քայլերը՝ ուղղված տարածաշրջանում պատերազմի և հակամարտությունների փոխարեն կայունության ու բարգավաճման հաստատմանը, ինչպես նաև համագործակցության հստակ ծրագրեր, այդ թվում՝ տարածաշրջանային փոխկապվածության ամրապնդումը։
Ակնկալվում է, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կհայտարարի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղության պայմանագրի բանակցություններին աջակցում է Թուրքիան, և որ հարաբերությունների կարգավորման գործընթաց է սկսվել նաև Թուրքիայի ու Հայաստանի միջև։
Բացի դրանից՝ Ֆիդանը ամենայն հավանականությամբ կընդգծի տնտեսական ոլորտի կարևորությունը՝ որպես վստահության ամրապնդման միջոց՝ հատկապես կարևորելով փոխկապվածությունն ու տնտեսական ինտեգրացիան:
Ըստ աղբյուրի՝ հանդիպման շրջանակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կընդունի հրավիրյալ նախարարներին, իսկ նախարար Ֆիդանը երկկողմ հանդիպումներ կունենա իր գործընկերների հետ։
Նախատեսվում է, որ հանդիպման ավարտին մասնակից երկրներն ընդունելու են համատեղ հայտարարություն։
Հայտարարությունում ընդգրկվելիք հարցերի թվում են «տարածաշրջանի երկրների՝ իրենց խնդիրները միմյանց միջև երկխոսության միջոցով լուծելու կարևորությունը, ՄԱԿ-ի կանոնադրության մեջ արձանագրված սկզբունքների հիման վրա տարածաշրջանում քաղաքական վեճերի խաղաղ լուծումը. ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և քաղաքական անկախության նկատմամբ հարգանքը, սահմանների անձեռնմխելիության պահպանումը, ներքին գործերին չմիջամտելը, ուժի կիրառման սպառնալիքի արգելումը և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը»։
Նախատեսվում է, որ կողմերը պարտավորվելու են ընդլայնել համագործակցությունը տնտեսական ոլորտում, հատկապես տարածաշրջանային տրանսպորտային միջանցքներում՝ կառուցողական դեր խաղալով վստահության, բարգավաճման և կայունության հաստատման գործում։
Հիշեցնենք, որ «3+3» խորհրդատվական հարթակի առաջին նիստն անցկացվել է 2021 թվականի դեկտեմբերին։ Այդ ժամանակ նիստին մասնակցել են Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների տեղակալները։ Վրաստանը հրաժարվել էր հանդիպմանը մասնակցելուց:
Հարթակի երկրորդ նիստը (արտգործնախարարների մակարդակով) կայացել է 2023 թվականի հոկտեմբերին Իրանի մայրաքաղաք Թեհրանում։ Վրաստանը չի մասնակցել նաև երկրորդ նիստին։
Add new comment