Դուբայում մեկնարկել է «IDEX 2023» պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսը
Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիի ազգային ցուցահանդեսների կենտրոնում (ADNEC) մեկնարկել է «IDEX 2023» պաշտպանական տեխնոլոգիաների 16-րդ միջազգային ցուցահանդեսը, որին հայկական 18 ընկերություններ «Հայաստան» միասնական տաղավարում ներկայացնում են տեղեկատվական, պաշտպանական և ռազմական նշանակության տեխնոլոգիաների, ինժեներական լուծումների ուղղությամբ Հայաստանի վերջին ձեռքբերումներն ու ներուժը:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության համաձայն՝ հայկական տաղավարում ցուցադրված են ոչ միայն պատրաստի արտադրանքներ, այլև նորարարական նախագծեր:
Պաշտոնական այցի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը շրջել է ցուցահանդեսի 12 թեմատիկ ցուցասրահներով, ծանոթացել ցամաքային, ծովային և հակաօդային պաշտպանության ոլորտների վերջին տեխնոլոգիաներին, մտքեր փոխանակել հայկական ընկերությունների ներկայացուցիչների հետ:
«IDEX» պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսը համարվում է Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանում ամենահեղինակային և ռազմավարական կարևորագույն միջոցառումներից մեկը, համախմբում է պաշտպանական արդյունաբերության առաջատար և հեղինակավոր ղեկավարներին, ինչպես նաև տարբեր նորարար տեխնոլոգիական ընկերություններին, տեխնոլոգիական ոլորտի հայտնի փորձագետներին:
Երկու տարին մեկ անգամ կազմակերպվող միջոցառումը բաղկացած է համաժողովից և ցուցահանդեսից: Դրանց նպատակն է ստեղծել հարթակ՝ քննարկելու ոլորտի վերջին զարգացումները, միտումները և նորարարական լուծումները, որոնք կուղեկցվեն ոլորտի լավագույն փորձի և ձեռքբերումների ցուցադրմամբ:
Add new comment