011

Սմոկինգով օրանգուտանների շարմն ու անթրաշությունը․ «168.am»

«168.am». Տնտեսագիտության բնագավառում 2024թ․ Նոբելյան մրցանակը, երեք անվանի գիտնականների թվում, օրեր առաջ շնորհվեց հայազգի տնտեսագետ Դարոն Աճեմօղլուին՝ «ինստիտուտների ձևավորման և բարեկեցության վրա դրանց ազդեցության վերաբերյալ ուսումնասիրությունների համար»։

Դրանից մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանի ազգային կինոակադեմիան չի ընտրել Շողակաթ Վարդանյանի «1489» վավերագրական ֆիլմը՝ Ամերիկյան «Օսկար» մրցանակաբաշխությանը Հայաստանը ներկայացնելու համար։

Առաջին հայացքից իրար հետ որևէ աղերս չունեցող այս երկու իրադարձությունների միակ ընդհանրությունն այն է, որ երկուսն էլ վերաբերում են ազգությամբ հայերի՝ Դարոն Աճեմօղլուին և Շողակաթ Վարդանյանին։

Թվում է, որ այլ կապ տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի և Հայաստանի կողմից «Օսկարին» ներկայացվելիք կինոնկարի միջև գոյություն չունի։ Բայց այդ կապը կա և հրաշալիորեն ապացուցում է հենց Աճեմօղլուի և նրա գործընկերների առաջ քաշած տեսության արժանահավատությունը՝ ինստիտուտների կայացվածության ու պետությունների վրա դրանց ունեցած ազդեցությունների մասին։

Ստամբուլում ծնված Դարոն Աճեմօղլուն ստացել է ամերիկյան կրթություն, ապա նույն ամերիկյան գիտական միջավայրի շնորհիվ Մասաչուսսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հայազգի պրոֆեսորը կարողացել է արժանանալ Նոբելյան մրցանակի։

Երիտասարդ երաժիշտ Շողակաթ Վարդանյանը ողբերգական իրադարձությունների՝ 2020թ․ արցախյան պատերազմի բերումով, զոհված եղբոր կորուստը հաղթահարելու նպատակով նկարահանել է այդ դժոխային ապրումները վավերագրող կինոնկար, որն արդեն իսկ արժանացել է վավերագրական կինոյի աշխարհի ամենահեղինակավոր մի շարք մրցանակների և հիմա էլ ցուցադրվում է աշխարհի տարբեր անկյուններում։

Բայց Հայաստանի կինոակադեմիան չի ընտրել «1489» վավերագրական ֆիլմը՝ «Օսկար» մրցանակաբաշխությանը Հայաստանը ներկայացնելու համար։ Բնականաբար, Կինոակադեմիան իր այս քայլը «հիմնավորող» ինչ-որ բացատրություններ ունի, բայց դրանք ծիծաղելի են մոտավորապես այնքան, որքան Աճեմօղլուի և Ռոբինսոնի հանրահայտ «Ինչու են ձախողվում պետությունները» գրքում նկարագրված «Սմոկինգով օրանգուտանի» համախտանիշը։

«1489» ֆիլմը 2020թ. պատերազմում զոհված Սողոմոն Վարդանյանի մասին է․ նրա քույրը՝ Շողակաթը, ֆիլմում հոր և մոր հետ փնտրում է Սողոմոնին, երբ դեռ նա անհայտ կորածների ցուցակում էր։ Այսինքն՝ այս ֆիլմը 2020-ից հետո հայկական ողբերգական իրականության խտացված արտահայտությունն է, այն մղձավանջի վավերագրությունը, որով անցել են հազարավոր ընտանիքներ, բայց որն այդպես էլ դեռևս չի գիտակցվել՝ որպես համազգային աղետ։

Ակնհայտ է, որ «1489» ֆիլմի՝ Հայաստանի կողմից «Օսկարին» ներկայացնելու և անգամ որևէ մրցանակ չստանալու դեպքում՝ միայն ամերիկյան կինոակադեմիայի շրջանակում ցուցադրվելը մեծ հնարավորություն կլիներ աշխարհին Արցախի ու արցախահայերի ողբերգության մասին պատմելու, աշխարհի ուշադրությունը գոնե այս ճանապարհով դրա վրա սևեռելու համար։ Բայց Հայաստանի Կինոակադեմիան չի ընտրել այդ ֆիլմը, որովհետև զավակին կորցրած մարդիկ դրանում արտահայտում են իրենց մարդկային ցասումը, այդ թվում՝ Հայաստանի իշխանության հասցեին, ու նաև այդ նույն իշխանությունը պետականորեն որոշել է փակել Արցախի թեման, այն դեպքում, երբ «1489»-ը լրիվ հակառակի մասին է։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Add new comment