Submitted by detq-editor on
Արցախն էլեկտրաէներգիայի տեսանկյունից ինքնաբավ չէ. Սարսանգի ջրամբարի ջրի մակարդակը նվազել է

Արցախն էլեկտրաէներգիայի տեսանկյունից ինքնաբավ չէ. Սարսանգի ջրամբարի ջրի մակարդակը նվազել է

Հոդվածն ու լուսանկարները Գարիկ Հարությունյանի (Garik Harutyunyan) ֆեյսբուքյան էջից:

Պատերազմից առաջ Արցախում կար 36 ՀԷԿ, որոնց արտադրած էլեկտրաէներգիան այնքան շատ էր, որ դրա մի մասը գալիս էր ՀՀ։ Պատերազմում պարտությունից ու մի շարք շրջանների հանձնումից հետո Արցախում մնալ է ընդամենը 6 ՀԷԿ, ներառյալ ամենախոշորը՝ Սարսանգը։

Դրանք միասին կազմում էին բոլոր նախկին ՀԷԿ-երի հզորության 60 տոկոսը, և Արցախն այլևս ինքնաբավ չէր էլեկտրաէներգիայով։ Սրա մասին մանրամասն ներկայացված է «Ամփոփի»՝ 2021 թ. հրապարակված հոդվածում (https://ampop.am/energy-system-in-armenia/):

Պատերազմից հետո խոցելի էր դարձել նաև Հայաստանից Արցախ էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Մինչ պատերազմը ՀՀ-Արցախ ուղղությամբ էլեկտրահաղորդման երկու գիծ կար․

• Գորիս - Շուշի - Ստեփանակերտ,

• Վարդենիս - Քարվաճառ - Մարտակերտ

Քարվաճառի հանձնումից հետո Արցախը մնացել է Շուշիով անցնող գծի հույսին։ Թեմայի վերաբերյալ Սիվիլնեթի լրագրողն Արցախի ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանին դեռևս 2022 թ. օգոստոսին հարցրել էր, թե ինչ է լինելու տվյալ գծի հետ, երբ Լաչինի միջանցքի երթուղին փոխվի։ «Հնարավորինս արագ կապի և էլեկտրագծերն են տեղափոխվելու։ Գազի շուրջ այլ տարբերակներ են որոնվում», - ասել էր Խանումյանը (https://youtu.be/gPXAizptTds?t=816):

Այսինքն դրանից մի քանի ամիս առաջ Բաքուն արդեն փորձարկել էր Արցախի գազի խողովակը փակելու օպերացիան և մարսել էր դա։

Օգոստոսին Բաքուն հերթական մարտերն հրահրում ու ստանում Լաչինի հատվածում երթուղու փոփոխություն՝ առանց ենթակառուցվածքների փոփոխության։ Գազի փականից բացի, նրանց ձեռքում են հայտնվել նաև էլեկտաէներգիայի և կապի գծերը։

Բայց մինչև դեկտեմբեր Ստեփանակերտի ու Երևանի իշխանությունները ո՛չ նոր ճանապարհը կառուցեցին, ո՛չ գծերն անցկացրին։ Դեկտեմբերին էլ Ալիևի հովանավորչությամբ փակվեց ճանապարհը, իսկ հունվարի սկզբին կտրեցին հոսանքի գիծը։

Այսինքն, Արցախը մնաց սեփական միջոցներով էլեկտրաէներգիա արտադրելու խնդրի առաջ միայնակ։

«Հետքում» ու «Մեդիամաքսում» շատ կարևոր հրապարակումներ են եղել, որոնք լրացուցիչ լույս են սփռում այս հարցերի վրա։ Հայաստանի ՏԿԵՆ-ից Հետքին հայտնել են, որ նոր հաղորդագծի շինարարությունը Սյունիքի կողմում կավարտվի ապրիլին, իսկ Արցախի ՏԿԵՆ-ից փոխանցել են՝ Արցախի կողմում շինարարությունը կանգնած է, որովհետև ճանապարհն է փակ։

Ավելին, երբ/եթե ճանապարհը բացվի էլ, հաղորդագիծը պետք է կառուցվի նոր ճանապարհի կառուցմանը զուգահեռ, իսկ նոր ճանապարհի կառուցման համար պետք է դիրքեր տեղափոխել, դրա համար էլ պետք է Բաքվի համաձայնությունը (https://hetq.am/hy/article/153406):

Մեդիամաքսի հրապարաման մեջ էլ նշվում է, որ մյուս ՀԷԿ-երը սակավաջրության պատճառով չեն գործում, էլեկտրաէներգիա արտադրելու ամբողջ ծանրությունը Սարսանգի վրա է ընկել։ Իսկ դրա համար պետք է ջուր բաց թողնել (https://mediamax.am/am/news/special-report/50381/):

Add new comment