Նիդեռլանդներն Ուկրաինային 42.6 մլն եվրոյի ԱԹՍ-ներ կմատակարարի
Նիդեռլանդների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Ռուբեն Բրեկելմանսը հայտարարել է, որ իր երկիրը մտադիր է Ուկրաինային մատակարարել 42․6 մլն եվրո արժողությամբ անօդաչու թռչող սարքեր։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունը։
«Ուկրաինան ներկայումս խիստ կարիք ունի ժամանակակից անօդաչու թռչող սարքերի, ուստի հոլանդական «DeltaQuad» ընկերությունը Ուկրաինային կմատակարարի 42.6 միլիոն եվրո արժողությամբ հետախուզական անօդաչու սարքեր: Սա մեր անօդաչու սարքերի գործողությունների ծրագրի առաջին կոնկրետ իրականացումն է»,- նշել է նա:
Հոկտեմբերի սկզբին Նիդեռլանդների պաշտպանության նախարարը հայտնել էր, որ երկիրը 400 միլիոն եվրո կտրամադրի Ուկրաինային՝ որպես երկրի համար անօդաչու թռչող սարքեր մշակելու գործողությունների ծրագրի մաս: Նրա խոսքով՝ այդ ծրագրի շրջանակում Նիդեռլանդները և Ուկրաինան միասին կաշխատեն ժամանակակից անօդաչու թռչող սարքերի մշակման ու հաջող նախատիպերի արտադրությունն արագացնելու ուղղությամբ։ Դրանց գրեթե կեսը կմշակվի Նիդեռլանդներում։
Նշենք, որ չնայած Ուկրաինային մատակարարվող սպառազինության աճին` երկիրը շարունակում է տարածքներ կորցնել, ծանր է իրավիճակը հատկապես երկրի արևելքում՝ Դոնբասում, որտեղ ռուսական կողմը գրեթե ամենօրյա ռեժիմով առաջխաղացում է արձանագրում։
Add new comment