ՀՀ ԱԺ-ում սահմանազատման կանոնակարգը հաստատելուն զուգընթաց Ադրբեջանի խորհրդարանում «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» խումբ է ստեղծվել․ Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության կանոնակարգը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում հաստատելուն ի պատասխան, այսօր Ադրբեջանի խորհրդարանում, այսպես կոչված, «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» նախաձեռնող խումբ է ձևավորվել:
Այսօր խորհրդարանում, տխրահռչակ կանոնակարգի զեկուցող ՀՀ փոխվարչապետը վստահություն էր հայտնում, որ Ադրբեջանում ևս, սինքրոն ձևով, կանոնակարգի ընդունման գործընթաց է ընթանում, սակայն Ադրբեջանի Միլի Մեջլիսը, ոչ պատահականորեն հենց այսօր, խորհրդանշական քայլի է գնացել:
Մինչև Ադրբեջանը զարգացնում և ամրապնդում է ՀՀ-ի դեմ իր ագրեսիվ քաղաքականության հիմքերը, Հայաստանի իշխանությունը հերթական զիջումներն է նախապատրաստում»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը վավերացնելու մասին օրենքի նախագծին։ Կողմ է քվեարկել հինգ, դեմ՝ երեք պատգամավոր։
Add new comment