Իրանի հակաօդային պաշտպանության համակարգը ԱԹՍ-ների համար անհաղթահարելի է․ իրանցի գեներալ
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի գեներալ Սիյավուշ Միհանդուստը հայտարարել է, որ երկրի հակաօդային պաշտպանության համակարգը թույլ չի տա որևէ ինքնաթիռի մուտք գործել երկրի օդային տարածք։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
«ՀՕՊ ուժերն այժմ այնպիսի պատրաստվածության վիճակում են, որ ոչ մի ինքնաթիռ չի կարողանա օդ բարձրանալ մեկ այլ երկրի տարածքից և ներխուժել Իրանի տարածք»,- ասել է նա։
Միհանդուստը նշել է՝ ո՛չ ինքնաթիռը, ո՛չ էլ անօդաչու թռչող սարքը չեն կարողանա թափանցնել Իսլամական Հանրապետության օդային տարածք՝ երկրի տարածքը հարվածելու համար։
Խոսելով Իրանի թշնամիների հրթիռային հարձակումները հետ մղելու իրանական բանակի հնարավորությունների մասին՝ Միհանդուստը նշել է, որ Իրանը տեղակայել է հակահրթիռային պաշտպանության հզորագույն համակարգ և անհրաժեշտության դեպքում այն անմիջապես գործի կդրվի։
Սիյավուշ Միհանդուստը հավելել է՝ Իրանը Իսրայելի կողմից ցանկացած հարձակման կոշտ հակահարված կտա։
Add new comment