Իրանն վերահսկում է տարածաշրջանում գտնվող ԱՄՆ բոլոր ռազմաբազաները. Աբբաս Արաղչի
Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանն ուշի-ուշով վերահսկում է տարածաշրջանում ԱՄՆ բոլոր ռազմակայանները։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։
«Մենք ուշադիր հետևում ենք տարածաշրջանում ամերիկյան բոլոր ռազմաբազաներին և հետևում նրանց տեղաշարժին։ Հորդանանի իշխանությունների հետ մենք նաև տեղեկություններ ենք փոխանցում Հորդանանում տեղակայված ամերիկյան ռազմաբազայի մասին»,- ասել է նա։
Արաղչին շեշտել է, որ Իրանը ձգտում է տարածաշրջանում վերջ տալ պատերազմին և ընդունել է, որ խաղաղության հասնելու տարբեր ուղիներ կան: Նրա խոսքով՝ Իրանը կապ է պահպանում տարածաշրջանի երկրների հետ, իսկ Բեյրութում նրա ներկայացուցիչը շփվում է շահագրգիռ կողմերի հետ։
Իրանի գլխավոր դիվանագետը նշել է, որ հրադադարի մասին որոշումը պատկանում է Լիբանանի կառավարությանը, և Իրանը կօգնի նրան։
Խոսելով Իսրայելին պատասխան տալու Իրանի պատրաստակամության մասին՝ Արաղչին մասնավորապես նշել է. «Տարածաշրջանի բոլոր երկրներն իրենց անհամաձայնությունն են հայտնել Իրանի վրա Իսրայելի հարձակմանը, հատկապես նրա միջուկային օբյեկտների վրա։ Մենք ընդգծում ենք, որ Իրանը նույն կերպ կպատասխանի Իսրայելի հարձակման դեպքում»։
Իրանի արտգործնախարարը հավելել է, որ Իսրայելը՝ ԱՄՆ-ի և որոշ եվրոպական երկրների աջակցությամբ, շարունակում է հանցագործություններ կատարել, այդ թվում՝ ռազմական։ Ըստ նրա՝ միջուկային օբյեկտների վրա հարձակումը լուրջ միջազգային հանցագործություն է, և դա անելու սպառնալիքը նույնպես հանցագործություն է։
«ԱՄՆ-ը չի պահպանում միջազգային կանոնները, սակայն Իրանը պատրաստ է արձագանքել հնարավոր սպառնալիքներին և ունի ինքնապաշտպանության իր գործիքներն ու եղանակները։ Իրենք գիտեն՝ ինչ պատասխան է իրենց սպասվում՝ մեր միջուկային օբյեկտների վրա հարձակվելու դեպքում»,- եզրափակել է նա։
Add new comment