Submitted by G.Avetisyan on
615

Իսրայելը գիշերը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ի՞նչ է հայտնի

Այս գիշեր Իսրայելական բանակը ավիահարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան հոկտեմբերի սկզբին Թեհրանի հրթիռային հարձակման: Ինչպես տեղեկանում ենք BBC-ի ռուսական ծառայության հրապարակումից, իսրայելական բանակը հայտարարել է, որ «ճշգրիտ հարվածներ» է հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին, այդ թվում՝ հրթիռային գործարաններին և «երկիր-օդ» հրթիռային համակարգերին:

Ըստ տարբեր աղբյուրների՝ այս գործողությունների ընթացքում օդ է բարձրացվել 100-ից ավել F-35 կործանիչներ, ԱԹՍ սարքեր և այլն:

Իրանի հակաօդային պաշտպանության ուժերը հայտարարել են, որ հարձակումները հաջողությամբ հետ են մղվել, սակայն որոշ դիրքեր «սահմանափակ վնաս» են կրել։

Իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը, հղում անելով աղբյուրներին, հայտնում է, որ Իրանը պատրաստ է պատասխանել Իսրայելի «ագրեսիային»։ ԱՄՆ-ն Իրանին կոչ է արել «դադարեցնել իր հարձակումները» Իսրայելի վրա՝ ընդհատելու ռազմական գործողությունների արատավոր շրջանը։

Իսրայելի պատասխան հարձակման մասշտաբները դեռ պարզ չեն, սակայն իսրայելական հանրային հեռարձակողը հայտնել է, որ տասնյակ կործանիչներ հարվածներ են հասցնում իրանական ռազմական օբյեկտներին, նշում է Reuters-ը։ Թեհրանի արևմուտքում և հարավ-արևմուտքում գտնվող մի քանի ռազմաբազաներ հայտնվել են իսրայելական կրակի տակ, հաստատել է իրանական Fars գործակալությունը։

Երևանի ժամանակով առավոտյան ժամը 6-ի սահմաններում Իսրայելի հանրային հեռարձակողը հայտնել է, որ Իսրայելի գործողությունն Իրանի դեմ ավարտվել է հարվածների երեք ալիքներից հետո: Այս տեղեկությունը հաստատել է նաև Axios-ը՝ հավելելով, որ երկրորդ և երրորդ ալիքներն ուղղված են եղել հրթիռների և անօդաչու թռչող սարքերի բազաներին և արտադրամասերին։

 

 

Add new comment