Իրանը ՄԱԿ-ի ԱԽ-ի արտահերթ նիստ է պահանջել՝ երկրի տարածքին Իսրայելի հարվածի առիթով
Իրանի արտգործնախարարի իրավական և միջազգային հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբաբադին հրապարակել է ԱԳ նախարարի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված նամակից հատվածներ, որով կոչ է արվում արտահերթ նիստ գումարել Իրանի դեմ Իսրայելի հարձակման առիթով, գրում է Mehr-ը։
Կիրակի օրը X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում Քազեմ Ղարիբաբադին հրապարակել է ԱԳ նախարար Աբաս Արաքչիի նամակից հատվածներ՝ ուղղված ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդի անդամներին՝ իրանական ռազմական օբյեկտների վրա իսրայելական ուժերի վերջերս իրականացրած հարձակման առիթով, փոխանցում է News.am-ը:
«Մինչ Իրանի հակաօդային պաշտպանության համակարգը որսացել է հրթիռների մեծ մասը, իրանական բանակի չորս սպա խիզախորեն զոհաբերել է իր կյանքը՝ պաշտպանելով երկրի ազգային անվտանգությունը և նահատակվել»,- Արաքչիի նամակից մեջբերում է անում իրանական լրատվամիջոցը:
Արաքչին խստորեն դատապարտել է Իսրայելի կանխամտածված հարձակումը՝ նշելով, որ «իսրայելական ռեժիմի անօրինական հարձակումները խախտում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները և ՄԱԿ-ի կանոնադրությունը, մասնավորապես՝ 2-րդ հոդվածի 4-րդ կետը։ Իսրայելի ռեժիմի գործողությունները զգալի սպառնալիք են ներկայացնում միջազգային խաղաղության և անվտանգության համար՝ էլ ավելի ապակայունացնելով տարածաշրջանը»։
Իրանցի դիվանագետն ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը, ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան, իրեն իրավունք է վերապահում ճիշտ ժամանակին օրինական կերպով արձագանքել այդ հանցավոր հարձակումներին:
«Իսրայելի ռեժիմի շարունակական և համակարգված ագրեսիայի լույսի ներքո՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը վճռական կոչ է անում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդին կոշտ դիրքորոշում ընդունել: Նրանք պետք է խիստ և միանշանակ դատապարտեն Իսրայելի ռեժիմը նրա ագրեսիվ գործողությունների համար»,- ընդգծել է Արաքչին։
Բացի այդ, Իրանի Իսլամական Հանրապետությունը կոչ է անում Անվտանգության խորհրդի նախագահին շտապ նիստ գումարել՝ այս լուրջ խախտումներն ու անօրինական գործողությունները քննարկելու նպատակով՝ երաշխավորելով, որ Իսրայելը պատասխանատվություն կկրի իր գործողությունների համար, գրում է իրանական լրատվամիջոցը։
Add new comment