Պարտությունն է հաճախ, որ հաղթանակ է ծնում. հայի ոգին ու միտքը միշտ պետք է պատրաստ լինեն հաջորդ ազատամարտին
Պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ե՛վ համաշխարհային, և՛ հայոց պատմության մեջ ազատագրական ու ինքնապաշտպանական հերոսամարտերը միշտ չէ, որ պսակվել են հաղթանակով։ Բայց դրանով նրանք անարժեք չեն դարձել։ Ամենևի՛ն։ Յուրաքանչյուր ազատամարտ տրվում է ոչ միայն հենց այդ պահին վերջնական հաղթանակ տանելու նպատակով, այլև ազատության և պայքարի ոգին սեփական շարքերում վառ պահելու, չընկրկելու, չծնկելու և ապագայում բարբարոս թշնամուն նոր ու ջախջախիչ հարվածներով անպայմանորեն իր տեղը դնելու մտադրությամբ։
ՀԵՆՑ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ Է ՀԱՃԱԽ, ՈՐ ՀԱՂԹԱՆԱԿ Է ԾՆՈՒՄ։ Դրա համար պահանջվում է, նախ, երբեք չմոռանալ ազգային իրավունքների, անկախության, ինքնուրույնության և արժանապատվության համար մղված պայքարը, քաջաբար ընկած հերոսներին ու նրանց թափած արդար արյունը։ Երկրորդ, հարկ է պատասխանատվությամբ քննել պարտության օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները, թույլ տրված մեծ ու փոքր սխալները։ Երրորդ, կատարված մանրակրկիտ վերլուծությունից պետք է առարկայական դասեր քաղել ու գործնական հետևություններ անել։ Այդ ամենը, ցավոք, այսօր պատշաճորեն չի արվում։
Այնինչ հայի ոգին ու միտքը միշտ պետք է պատրաստ լինեն հաջորդ փորձությանն ու ազատամարտին, որովհետև դրանք անխուսափելի են։ Կկնքվի մեռելածին «խաղաղության պայմանագիրը», թե չի կնքվի՝ ինքը թշնամին թույլ չի տալու, որ Հայաստանը հանգիստ շնչի։ Նա փորձելու է մեզ ստրկացնել, ոչնչացնել, արտաքսել կամ կլանել։
Ասվածից հետևում է նաև, որ ՀՀ ղեկին այսօր պետք է լինեն ոչ թե մինչև ուղնուծուծը պարտվողական հոգեբանությամբ վարակված դեմքեր (նիկոլ, ալեն, սասուն...), այլ հայոց համար անվտանգ երկիր կառուցելու կամք ու ցանկություն ունեցող գործիչներ՝ մերօրյա Անդրանիկներ, Նժդեհներ, Լեոնիդներ ու Վազգեններ...»:
Add new comment