ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Իսրայելի պաշտպանությանը Իրանի հնարավոր հարձակումներից
ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար, ռազմաօդային ուժերի գեներալ-մայոր Փեթ Ռայդերը հայտարարել է՝ ԱՄՆ-ն միանգամայն տեղյակ է Մերձավոր Արևելքում առկա լարվածությունից ու կշարունակի աջակցել Իսրայելի պաշտպանությանն Իրանի և նրա «պրոքսի ուժերի» հնարավոր հարձակումներից։ Ըստ «Դետք»-ի՝ տեղեկությունը հաղորդում է բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունը։
Ռայդերը շեշտել է, որ Վաշինգտոնը կպաշտպանի նաև տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ուժերը։
Հաղորդվում է, որ ամերիկացի պաշտոնյան այս մասին ասել է՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Իրանը կարող է պատասխանել Իսրայելի վերջին ավիահարվածներին, որոնք ուղղված էին երկրի ռազմական օբյեկտներին: Նա ընդգծել է, որ Պենտագոնի պաշտոնյաներն ուշադիր հետևում են իրավիճակին․ «Մենք պատրաստ ենք բոլոր տեսակի զարգացումներին»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Պենտագոնից հայտնել էին, որ Միացյալ Նահանգներն Իսրայել կուղարկի միջին հեռահարության հրթիռները մեծ բարձրության վրա որսալու համար նախատեսված THAAD շարժական ցամաքային հակահրթիռային համակարգի մարտկոց, ինչպես նաև այն գործարկելու համար անհրաժեշտ զորքեր: Համակարգը կօգնի ուժեղացնել Իսրայելի հակաօդային պաշտպանությունը:
Add new comment