
ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում պահվող հայ գերիներին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները հոկտեմբերին հերթական անգամ տեսակցել են Բաքվում անազատության մեջ պահվող հայերին։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։
«Անազատության մեջ գտնվող բոլոր հայերն, ովքեր գտնվում են Բաքվում և որոնց անունները հաստատել են Ադրբեջանի իշխանությունները, ընդգրկվել են այդ տեսակցության մեջ»,- նշել է Զառա Ամատունին։
Նա նաև հավելել է, որ այդ անձանց հնարավորություն է ընձեռվել կապ հաստատել իրենց հարազատների հետ։
Ադրբեջանը հաստատում է իր մոտ 23 հայ գերու առկայությունը: Բաքվում ապօրինի պահվող անձանց թվում են նաև Արցախի Հանրապետության նախկին նախագահները՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, ինչպես նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Իշխանյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ՊԲ նախարարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, որոնց Ադրբեջանն ապօրինի ձերբակալել և կեղծ մեղադրանքներ է առաջադրել 2023 թվականի սեպտեմբերին Արցախի Հանրապետության դեմ ռազմական ագրեսիայից հետո։
Add new comment