Բոլոր պարագաներում Հայաստանը Թրամփի հետ մեծ հույսեր չպետք է կապի. Արմեն Այվազյան
Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Դոնալդ Թրամփի հաղթանակը լուրջ հետևանքներ է ունենալու միջազգային շատ հարցերում, այդ թվում՝ մեր տարածաշրջանում։ Ընտրություններից մի քանի օր առաջ նա խոստացավ պաշտպանել հայերին Ադրբեջանի ոտնձգություններից։ Սակայն ընտրվելուց հետո Թրամփը, ըստ ամենայնի, կմոռանա իր այս խոստումը, ինչպես և նախկինում արել են ԱՄՆ մյուս նախագահները։ Աստված տա՝ սխալված լինեմ։
Հայաստանի վրա ուժգնորեն և անմիջականորեն անդրադառնալու են նաև Թրամփի քայլերը Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտությունների վերաբերյալ։ Արդյո՞ք նա իսկապես կպակասեցնի Ուկրաինային ԱՄՆ-ի ցուցաբերած ռազմական օգնությունը ու դրանով կնպաստի ռուս-ուկրաինական պատերազմի ընդհատմանը։ Թե ինչպիսի խաղաղություն է ընդունելի լինելու ԱՄՆ-ի համար Ուկրաինայում՝ ակնարկել է նրա փոխնախագահ Վենսը։ Ըստ նրա՝ պատերազմը պետք է կանգ առնի այնտեղ, որտեղ այս պահին անցնում է ճակատային գիծը, ապա սկսվեն բանակցություններ։ Սա՞ է Թրամփի խաղաղության ծրագիրը, թե մեկ այլ սցենար։ Թրամփն ինքը բավականին աղոտ է արտահայտվել այս հարցի մասին։ Բայց թվում է, թե Ուկրաինան Թրամփի օրոք, այնուամենայնիվ, զրկվելու է այն ահռելի աջակցությունից, որը ստանում էր Բայդենի վարչակազմից (մինչև այսօր՝ շուրջ 66 միլիարդ դոլարի ռազմական օգնություն)։
Ի՞նչ է անելու Թրամփը Գազայում ընթացող պաղեստինցիների ցեղասպանության վերաբերյալ։ Աջակցելո՞ւ է Իսրայելին ու կանաչ լույս վառելու Նեթանյահուի հետագա ոճրագործությունների առջև, որոնք անխուսափելիորեն բերելու են Իրանի հետ մեծ պատերազմի, այն է՝ ամբողջ Մերձավոր Արևելքի պայթյունին, Պարսից ծոցից նաֆթային հոսքերի կանգին ու, ըստ այդմ, համաշխարհային տնտեսական խոշորագույն ճգնաժամին։ Թրամփի վերջին հայտարարությունները (մասնավորապես՝ Թեհրան այցելելու իր ցանկության մասին), կարծես, հույս են տալիս, որ փորձելու է կանխել նման ողբերգական զարգացումները։ Բայց, մյուս կողմից, Թրամփը միշտ եղել է շատ ավելի իսրայելամետ, քան Բայդենն ու Օբաման։ Իրավիճակն այս հարցում բավականին անպարզ է։ Կարելի է միայն ենթադրել, որ Թրամփին բոլորովին ձեռնտու չի լինելու իր նախագահության սկզբից ի վեր գործ ունենալ մերձավորարևելյան մեծ պատերազմի ու ֆինանսատնտեսական վայրիվերումների հետ։ Նա ցանկանում է կենտրոնանալ առավելապես ԱՄՆ ներքին ծանր խնդիրների լուծման վրա։ Հետևաբար, առավել հավանական է, որ Թրամփը կփորձի զսպել Իսրայելին ու գործնականորեն նպաստել Գազայում և Լիբանանում զինադադար կնքելուն։
Եվրոպայի, ՆԱՏՕ-ի և Չինաստանի նկատմամբ Թրամփի որդեգրելիք քաղաքականությունը նույնպես բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Նա ՆԱՏՕ-ից դուրս չի բերի ԱՄՆ-ն, ինչպես վախեցնում էին որոշ եվրոպացի վերլուծաբաններ, բայց, ըստ երևույթին, կպարտադրի Եվրոպային ավելի շատ միջոցներ ծախսել իր սեփական անվտանգության վրա՝ դրանով իսկ թեթևացնելով ԱՄՆ ռազմական ծախսերը։
Հետաքրքիր է նաև, թե ինպիսին է լինելու ԱՄՆ միլիոնավոր ներգաղթյալների նկատմամբ Թրամփի քաղաքականությունը։ Նա խոստացել է այդ մարդկանց զանգվածաբար արտաքսել։ Որքանի՞ն կարտաքսի։
Դրական զարգացումներից է լինելու ավանդական ընտանեկան արժեքների նկատմամբ Թրամփի հստակ դիրքորոշումը։ Բայց որքանո՞վ նա կհաջողի գլոբալիստական կարծրացած համակարգի դեմ այս կենաց և մահու պայքարում՝ դարձյալ անհայտ է։
Կարճ ասած՝ կապրենք, կտեսնենք։ Բոլոր պարագաներում Հայաստանը Թրամփի հետ մեծ հույսեր չպետք է կապի։ Նա Հայաստանին կարող էր օգնել 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ գործող նախագահ էր, բայց, ցավոք, մատը մատին չխփեց։ Մեր անվտանգության ապահովումը մեր խնդիրն է»:
Add new comment