Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է լսել Արևմուտքի՝ Ուկրաինային վերաբերող ողջամիտ գաղափարները. Լավրով
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է քննարկել Արևմուտքի՝ Ուկրաինային վերաբերող գաղափարները, եթե դրանք լինեն հստակ և ողջամիտ։ Լավրովի խոսքերը մեջբերել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Եթե կլինեն հստակ և ողջամիտ գաղափարներ, մենք պատրաստ ենք լսել դրանք։ Մինչ այժմ Բրյուսելից և Եվրոպայի այլ մայրաքաղաքներից լսում ենք միայն «Զելենսկու բանաձևի» մասին հայտարարություններ, որը, ըստ էության, մեզ տանում է փակուղի»,- նշել է Լավրովը։
Նա նաև նշել է, որ չի կարող կանխատեսել, թե արդյոք ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի նախագահ լինելը կազդի ԵՄ արտաքին քաղաքականության վրա։
Ավելի վաղ Լավրովը Զելենսկու «խաղաղության բանաձևը» հիմարություն էր անվանել, իսկ «հաղթանակի ծրագիրը»՝ շիզոֆրենիական։ Նաև ընդգծել է, որ Կիևի ռեժիմի ղեկավարի՝ ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցելու երազանքները չեն մոտեցնում Եվրոպայում խաղաղությունը:
Add new comment