Submitted by G. Khumaryan on
1

Բանակը՝ մասնակի մարտունակ․ 44-օրյայից 4 տարի անց։ Պատերազմի չսերտած դասերը։

Նոյեմբերի 9-ի տհաճ այս տարելիցի կապակցությամբ Դետքի գործընկերների հետ նոր շարք ենք սկսում։ Այն անվանել ենք «44/4» կամ «44 օրյայից 4 տարի անց»: Շարքն ակնհայտ այն խնդիրերի մասին է, որոնք 20 թվականին մեզ բերեցին պարտության, կարող էին լուծվել հետպատերազմյան շրջանում, բայց չեն լուծվել ու դեռ ունենալու են հետևանքներ։ 

Սկսենք պարզ բաներից։ Համալրում։ 

2023 թվականի ավարտին զինծառայության մասին օրենքում առաջարկվող փոփոխությունները ներկայացնելիս պատգամավոր Հայկ Սարգսյանը հետաքրքիր թվեր բերեց։ Ասաց, որ 2010 թվականի հետ համեմատած 2019 թվականին ժամկետային զինծառայողների թիվը շուրջ 2 անգամ նվազել էր՝ 44 հազարից դարձել 24 հազար։

Խնդիրը ժողովրդագրական է միայն կիսով չափ, որովհետև այդ նույն 2010 թվականին բանակում կարող էր ոչ թե 44, այլ շուրջ 70 հազար ժամկետային լինել։ 2010-ի ժամկետային անձնակազմը 2008, 2009 թվականներին դպոցն ավարտած տղաներն էին, ինչպես նաև 2007 և 2010 թվականների շրջանավարտ տղաների կեսը։ Այդ տարիներին դեռ գործում էր բուհական տարկետումների համակարգը ուստի ստացված թիվը ճշգրտում ենք 2007, 2008, 2009, 2010 թվականներին տարկետում ստացած և տարկետումից դուրս եկած երիտասարդների թվով և ստանում նշված 70 հազարը։ 

(Բոլոր թվերը բաց են։ Հասանելի՝ վիճվարչության կայքում)։ 

Այսինքն այդ ժամանակահատվածում բանակից այս կամ այն ճանապարհով խուսափել է զորակոչային տարիքի հասած երիտասարդների շուրջ 40%-ը։ Նույն հաշվարկով 2019-ին Հայկ Սարգսյանի մատնանշած 24 հազարի փոխարեն բանակում պետք է 47 հազար ժամկետային լիներ։ Այսինքն համալրման կեսը բանակ պարզապես չէր հասել։

Ռազմական գիտությունը 60%-ից պակաս համալրված ստորաբաժանումներն ու զորամիավորումները համարում է մասնակիորեն մարտունակ և կիրառման իմաստով խիստ սահմանափակումներ ենթադրում։ Դժվարանում եմ ասել, թե ինչ չափով էր հնարավոր եղել պայմանագրայիններով փոխարինել ծառայության չեկած երիտասարդներին, բայց ընդհանուր տպավորությունն այն է, որ 2020 թվականի սեպտեմբերին թուրքերին դիմավորած բանակը հաստիքների համալրվածության իմաստով դեռ մարտի մեջ չմտած ու կորուստներ չկրած արդեն մոտ էր «մասնակի մարտունակ» եզրույթի ակադեմիական սահմանմանը։

Թվում է, թե սա ամենապարզ և ակնհայտ խնիրն է, որ պետք է լուծվեր պարտությունից անմիջապես հետո, բայց գրեթե չորս տարի անց էլ 2024 թվականի հունվարի 28-ին Բանակի օրվա կապակցությամբ ունեցած իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ բանակ շարունակում է հասնել զորակոչային տարիքի երիտասարդների կեսը միայն։

Պատճառները հիմնականում երկուսն են՝ առողջություն և օտարերկրյա քաղաքացիություն։ Երկու հարցերն էլ ռեսուրս չեն պահանջում․ զուտ օրենսդրության և կարգավորումների տիրույթում են։ 

Եթե 60-ն անց երկրապահներին կարելի է աշխարհազորի պայմանագրերով առաջնագիծ բարձրացնել մարտական հերթապահության, ապա սկոլիոզով, հարթաթաթությամբ կամ կարճատեսությամբ ջահելների համար, ոնց էլ չլինի մի գործ կգտվի զինված ուժերում։ Ի վերջո բոլորը չէ, որ հետախուզական կամ դեսանտագրոհային վաշտերում են ծառայում։ 

Ու քանի առանց այդ էլ ժողովրդագրորեն նեղ այս պայմաններում բանակն իրեն հասանելիք մարդկանց կեսին չի զորակոչում, մնացած բաների մասին խոսելն ուղղակի անիմաստ է, որովհետև՝ ուզում ես ֆրանսիական զենք բեր, ուզում ես՝ հնդկական, ուզում ես միջուկային ռումբ մշակիր, միևնույն է՝ թերհամալրված բանակը դրանից չի դադարելու լինել մարտունակ միայն մասնակիորեն։

Ենթադրենք՝ մինչև պատերազմը մենք սա չէինք հասկանում։ Բայց պատերազմից արդեն չորս տարի է անցել, որոնց ընթացքում մենք ևս երեք անգամ ուժեղ «ծեծ ենք կերել», ինչին զուգահեռ, կարծում եմ, գոնե կարելի էր զբաղվել քաղաքացիությունից դուրս գալու կարգի և պիտանելիության չափորոշիչների վերանայման հարցով։

Եթե հրաշք տեղի ունենա, ու հենց այսօրվանից զենք բռնելու իրապես ունակ բոլոր երիտասարդները սկսեն բանակ գալ, բաց թողած տարիները միևնույն է քթերիցս գալու են, որովհետև ժամկետային ծառայության հետ կապված բացերն ուղղակիորեն պրոեկտվում են պահեստազորի որակի վրա, որը հաջորդ մեծ պատերազմի ժամանակ, ուզենք թե չուզենք, կռվող բանակի առնվազն 2/3-ն է կազմելու։ 

Բայց այս մասին՝ շարքի արդեն հաջորդ հոդվածում։

Իսկ առայժմ արձանագրում ենք՝ հաստիքների համալրվածության իմաստով պատերազմից չորս տարի անց էլ բանակը, կարծես, շարունակում է մնալ կամ առնվազն մոտ լինել «մասնակիորեն մարտունակ զորամիավորում» եզրույթի սահմանմանը։ 

Գարեգին Խումարյան

Add new comment