Դեռ որոշում չունենք «COP29»-ին մասնակցելու հարցում. կախված է գործընթացի դինամիկայից. ԱԳ փոխնախարար
Դեռ որոշում չունենք: Երբ լինի որոշում, պատշաճ ձևով կտեղեկացնենք, թե արդյոք մասնակցում ենք «COP29»-ին, թե ոչ, վերջնական որոշում կա մասնակցելու կամ չմասնակցելու, և ինչ մակարդակով մասնակցելու: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին` ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, նշել է ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը:
Նրա խոսքով` դա կախված է գործընթացի դինամիկայից, կոնկրետ այս պահին հստակ առանձին խնդիր մատնանշած չունեն. «Այս պահին ընդհանուր կարգավորման գործընթացի շուրջ տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ ամեն ինչ թափանցիկ է, և հավելյալ մեկնբանությունների կարիք չենք տեսնում»:
Ըստ ԱԳ փոխնախարարի` հայ գերիներին ազատ արձակելու մասին եվրոպացի պատգամավորների հայտարարություններն ու կոչերը խոսում են այն մասին, որ գերիների խնդրի հասցեագրումը շատ կարևոր է. «Մենք նույնպես այդ ուղղությամբ աշխատանքներ ենք տանում, որ բոլոր հայ ռազմագերիները և այլ պահվող անձինք ի վերջո վերադառնան Հայաստան»:
Հարցին՝ Բաքվի հետ քննարկումներ կա՞ն կոնկրետ «COP29»-ի համատեքստում, գերիների և այլ հարցերի հետ կապված, Վահան Կոստանյանը պատասխանել է. «Ընդհանուր բանակցային դինամիկայից պետք է դատել: Բնականաբար կան խողովակներ, որոնցով ընթանում են շփումներ»:
Add new comment