Փաշինյան Ալիև

Պարտադրված խաղաղության գործընթաց, որը ծառայում է վերնախավերի, ոչ թե ողջ հասարակության շահերին. BBC

Չորս տարի առաջ ավարտվեց Արցախյան  երկրորդ պատերազմը: Հաղթողն ու պարտվողը փոխվեցին տեղերով և սկսեցին արագացված տեմպերով պատրաստվել խաղաղության կնքմանը: Երկու կողմերն էլ Բաքվում ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովը (COP29) համարում էին հնարավոր  «վերջնաժամկետ», սակայն գագաթնաժողովը մեկնարկել է երկուշաբթի, իսկ խաղաղության պայմանագիրն այդպես էլ չի ստորագրվել:

 Այս մասին գրում է BBC-ն՝ ներկայացնելով «Ինչպես են Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները խաղաղություն քննարկում առանց ժողովուրդների մասնակցության» վերտառությամբ հոդվածը:

Նշվում է, որ երկու երկրների միջև մնում են լուծում չստացած տարաձայնություններ, և այդ մասին զգուշացնում էին փորձագետներն ու ակտիվիստները, որոնք տարիներ շարունակ  փորձել են ընդհանուր լեզու գտնել:

«Նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմը և վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրասենյակը գաղտնի են պահում խաղաղության շուրջ բանակցությունների մանրամասները և չեն խորհրդակցում քաղաքացիական հասարակության հետ: Ադրբեջանում ակտիվիստներին ձերբակալում են հայերի հետ նամակագրության և հանդիպումների համար։ Հայաստանում խաղաղության հավատարիմ կողմնակիցները մնում են մեկուսացված և փոքրամասնություն են, փոխարենը կառավարությունը ապավինում է իրեն լոյալ փորձագետներին», - ասվում է հոդվածում:

Նշվում է, որ օգոստոսին ադրբեջանցի իրավապահները ձերբակալել են Պրահայի Կառլզի համալսարանի 29-ամյա դասախոս Բահրուզ Սամեդովին։ Հայ ակտիվիստների հետ շփումների պատճառով Սամեդովին մեղադրել են դավաճանության համար և այժմ նրան սպառնում է ցմահ ազատազրկում։ Նա հերքում է բոլոր մեղադրանքները։ Սամեդովը հանդես է եկել երկու երկրների հաշտեցման օգտին, սակայն քննադատել է Ադրբեջանի իշխանությունների մոտեցումը։

«Պատերազմը երբեք չի ավարտվել, երբեք խաղաղության գործընթաց չի եղել» վերնագրով հոդվածում նա գրել է, որ Բաքուն ցանկանում էր պարտադրել Երևանին ընդունել «ավտորիտար խաղաղություն»։ Նա այս մոտեցումը որակել է «առանց հաշտության խաղաղություն»։ 

Սամեդովի ձերբակալությունից կարճ ժամանակ անց ձերբակալվել են նաև հակապատերազմական ակտիվիստ և գրող Սամեդ Շիհին և լրագրող Ջավիդ Աղան: Երկուսն էլ ազատ են արձակվել, սակայն նրանց արգելվել է լքել երկիրը»,-ասվում է հոդվածում:

Նշվում է, որ 2020 թվականի արցախյան պատերազմի և դրան հաջորդած սրացումների ժամանակ ադրբեջանցի ակտիվիստների նոր սերունդը սկսել է ավելի ակտիվ լինել: Նրանք սերտ շփվում էին հայ երիտասարդների հետ. միասին մասնակցում փոդքասթների, վիճում և պայմանավորվում միմյանց հետ X-ում («Twitter»), խոսում սեմինարների և համատեղ հոդվածներ հրապարակում գիտական ժողովածուներում և լրատվամիջոցներում:

Երկու հասարակությունների միջև երկխոսությանը նվիրված մի քանի հարթակներ են առաջացել՝ Bright Garden Voices, CaucasusTalks, Imagine Dialogue և այլն: Այս ամենը գրավել է իշխանությունների ուշադրությունը ոչ միայն Բահրուզ Սամեդովի, այլև այլ ակտիվիստների ու անկախ լրագրողների վրա։

Գերմանացի ակտիվիստ Օլիվեր Մյունսթերը, ասվում է քոդվածում, եկել է այն եզրակացության, որ երկու երկրներում էլ մարդիկ խաղաղություն են ուզում։ Բայց գերմանացի ակտիվիստը նաև ընդգծում է, որ այդ մասին հրապարակավ խոսելը շատ դժվար է: Եթե Ադրբեջանում կառավարության քննադատներին բանտ է սպառնում, ապա Հայաստանում նրանք բախվում են հասարակական ճնշումնեի ։ 

«Խաղաղություն» բառը շատ հայերի համար բացասական ենթատեքստ ունի, քանի որ այն ասոցացվում է Իլհամ Ալիևից խաղաղության թելադրանքի ընդունման հետ, — ասում է Մյունսթերը: 

 

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա BBC-ն նշում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր կառավարման սկզբում հրաժարվում էր փոխզիջման գնալ  Արցախի (ԼՂՀ - խմբ.)  հարցում, սակայն 2020 թվականին պարտությունից հետո Փաշինյանը փոխել է օրակարգը, ճանաչել է Արցախը որպես Ադրբեջանի մաս և հայտարարել «խաղաղության օրակարգ»։

«Այժմ նա չի պահանջում ո՛չ Արցախի (խմբ.) հայերի ինքնավարության կամ նույնիսկ նրանց՝ իրենց տները վերադառնալու իրավունքի իրագործում, այլ ցանկանում է արագ խաղաղության պայմանագիր կնքել Բաքվի հետ», - գրում է BBC-ն:

Բայց Փաշինյանի «խաղաղության օրակարգում» տեղ չկա նրանց համար, ովքեր խաղաղության քարոզչություն էին անում այն ժամանակ, երբ ինքն ու իր համախոհները նախընտրում էին պատերազմը։ 

«Երկար ժամանակ հակամարտող կողմերի միջև ըմբռնում կար, որ առաջնորդները պետք է համաձայնության գան, այնուհետև ՀԿ-ներն առաջ գան և համաձայնությունը վաճառեն հանրությանը», - ասել է Լոնդոնի Chatham House միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի գիտաշխատող, հայ-ադրբեջանական հակամարտության մասին գրքի հեղինակ Լոուրենս Բրոերսը:

Խաղաղության գործընթացը, նրա խոսքով, միշտ էլ եղել է ոչ թափանցիկ, ինչպես նաև բանակցությունները, որոնք երկրները վարել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջնորդությամբ։ Բրոերսի խոսքով՝ 2020 թվականի պատերազմից հետո հասարակության մեջ քննարկման հնարավորություն կար, սակայն Ադրբեջանում վերջին ձերբակալություններից հետո այն կրկին անհետացել է:

Նա այն, ինչ հիմա տեղի է ունենում, անվանել է «պարտադրված խաղաղության գործընթաց, որը ծառայում է վերնախավերի, ոչ թե ողջ հասարակության շահերին»։

«Այս գործընթացից բխող ցանկացած պայմանավորվածություն կլինի մակերեսային և անկայուն, այլ ոչ թե ընդգրկված հայ-ադրբեջանական հարաբերությունների ավելի լայն տրանսֆորմացիա»,- ասել է փորձագետը։

BBC-ն նկատում է, որ խաղաղության հեռանկարները երերուն են թվում նաև ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակի ֆոնին, քանի որ հանրապետականը խոստացել է կենտրոնանալ ներքին խնդիրների վրա։

Աղբյուրը հիշեցնում է, որ արցախյան երկրորդ պատերազմը տեղի է ունեցել Թրամփի առաջին նախագահության ժամանակ, և Միացյալ Նահանգներն այն ժամանակ հեռու մնաց հակամարտությունից։ Հրադադարի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջոցով և ապահովվել է Արցախում ռուս խաղաղապահների տեղակայումը։

Մինչդեռ Ջո Բայդենի վարչակազմը, չնայած ուկրաինական պատերազմին, փորձում էր ավելի ակտիվ ներգրավվել Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական գործընթացում։ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպումներ է կազմակերպել երկու երկրների արտգործնախարարների միջև՝ քննարկելու խաղաղության պայմանագիրը։

 

Add new comment