Իրանը հերքում է Թրամփի դեմ մահափորձին իր ներգրավվածությունը
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Էսմայիլ Բաղային հերքել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի, ինչպես նաև ամերիկացի նախկին ու ներկա պաշտոնյաների սպանության դավադրություններին Թեհրանի մասնակցության մեղադրանքները։ Ըստ «Դետք»-ի՝ այդ մասին տեղեկացնում է իրանական «Tasnim» լրատվական գործակալությունը։
Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակը այդ մեղադրանքներն անվանել է միանգամայն անհիմն։ Նրա խոսքով՝ նման մեղադրանքներ առաջադրվել են նաև նախկինում, բայց Իրանը վճռականորեն հերքել է՝ ապացուցելով, որ դրանք սուտ են։
Բաղային շեշտել է, որ նման հայտարարությունների կրկնությունն այս փուլում չարամիտ դավադրություն է՝ կազմակերպված սիոնիստների և հակաիրանական շրջանակների կողմից՝ ԱՄՆ-ի ու Իրանի միջև հարաբերությունները բարդացնելու համար։
Իրանցի դիվանագետը վերահաստատել է, որ Թեհրանը նախկինի պես հավատարիմ է օրինական և իրավական բոլոր միջոցների օգտագործմանը ինչպես ներքին, այնպես էլ միջազգային մակարդակներում՝ իրանական ազգի իրավունքների վերականգնման համար։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտնել էր, որ Իրանը հանձնարարել է գործակալ Ֆարհադ Շաքերիին հետևել և նախապատրաստել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի սպանությունը։
Add new comment