ՀՀ Սահմանադրության փոփոխության կարիք այս համատեքստում չկա. Փաշինյանը՝ Ալիևի պահանջի մասին
Ադրբեջանի պնդումները, թե ՀՀ Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, հիմնվում են այն փաստի վրա, որ ՀՀ Սահմանադրության նախաբանում կա ընդհանրական հղում Անկախության հռչակագրին, որտեղ իր հերթին հիշատակվում է ԼՂ-ի մասին: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին՝ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա հիշեցրել է, որ Հայաստանի ՍԴ-ն սեպտեմբերի 26-ի իր որոշմամբ արձանագրել է, որ այդ հղումը Անկախության հռչակագրին վերաբերում է բացառապես այն դրույթներին, որոնք իրենց բառացի ամրագրումն են ունեցել Սահմանադրության հոդվածներում. «ՀՀ Սահմանադրության տեքստում որևէ դրույթ ԼՂ-ի մասին ոչ ուղղակի, ոչ անուղղակի չի պարունակվում: Պետք է հիշել նաև, որ Անկախության հռչակագրի ևւ Սահմանադրության միջև գոյություն ունի ըստ ընդունող սուբյեկտների հստակ աստիճանակարգային տարբերություն: Այսինքն՝ եթե Անկախության հռչակագիրն ընդունվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի կողմից, ապա Սահմանադրությունն ընդունվել է ՀՀ միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան պետության ժողովրդի կողմից:
Երկրորդ՝ Ադրբեջանի Սահմանադրության նախաբանը հղում է պարունակում 1991 թվականի հոկտեմբերի 18-ին ընդունված սահմանադրական ակտին: Այդ ակտն իր հերթին հղում է անում 1918-ի մայիսի 28-ին ընդունված Ադրբեջանի առաջին հանրապետության անկախության հռչակագրին: Ադրբեջանի առաջին հանրապետության հռչակագիրն իր հերթին արձանագրում է, որ Ադրբեջանի առաջին հանրապետությունը ներառում է Արևելյան և Հարավային Անդրկովկասը: 1919-ի նոյեմբերին Ադրբեջանի Հանրապետությունը Անտանտին է ներկայացրել իր վարչատարածքային քարտեզը, համաձայն որի՝ Ադրբեջանի կազմում ընդգրկված են ՀՀ Սյունիքի, Վայոց ձորի մարզերն ամբողջությամբ, ինչպես նաև Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի, Շիրակի Լոռու մարզերի տարածքները մասամբ: Սա այսօրվա Հայաստանի տարածքի շուրջ 60 տոկոսն է:
Այս հղումներով ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ ընդդեմ ՀՀ-ի»,- հայտարարել է Փաշինյանը՝ հավելելով, որ Հայաստանը Ադրբեջանի Սահմանադրությունը փոխելու հարց չի բարձրացնում երկու պատճառով:
«Նախ՝ նման պահանջը փակուղի կմտցնի Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը, և երկրորդը՝ ՀՀ-ի և Ադրբեջանի խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասում կա հոդված, որն արձանագրում է, որ կողմերը չեն կարող հղում անել իրենց ներքին օրենսդրությանը արդարացնելու համար սույն պայմանագրի իրագործման ձախողումը:
Այդ պայմանագրի մեկ այլ հոդվածում ասվում է, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, չունեն միմյանցից տարածքային պահանջներ և պարտավորվում են ապագայում ևս նման պահանջներ չառաջադրել»,- ասել է վարչապետը:
Փաշինյանը նշել է, որ եթե խաղաղության պայմանագրի կնքումից հետո ՀՀ ՍԴ-ն որոշի, որ այդ տեքստը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը, Հայաստանը կարող է նախաձեռնել սահմանադրական փոփոխություններ: Իսկ եթե ՍԴ-ն համարի, որ համապատասխանում է Սահմանադրությանը, ապա այն կվավերացվի ԱԺ-ում:
«Մենք Ադրբեջանի Սահմանադրության փոփոխության հարց չենք բարձրացնում և նույն տրամաբանությամբ կարծում ենք, որ ՀՀ Սահմանադրության փոփոխության կարիք այս համատեքստում չկա»,- ամփոփել է Փաշինյանը:
Add new comment