ս

Հարավային Կովկասում Իրանը և Ռուսաստանը դաշնակիցներ չեն․ Հայաստանում Իրանի դեսպան

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Հարավային Կովկասում Իրանը և Ռուսաստանը դաշնակիցներ չեն։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին իրանցի դիվանագետն ասել է ամերիկյան «New York Times» պարբերականին տված հարցազրուցում։

Դիվանագետը շեշտել է՝ տարածաշրջանում 2 երկրները տարբերվող շահեր ունեն։  «Մենք որոշ տարաձայնություններ ունենք և որոշ համընդհանուր շահեր։ Դա չի նշանակում, որ մենք դաշնակից ենք։ Հակամարտություններով լի Կովկասում Ռուսաստանն ու Իրանը տարբերվող տեսակետներ ունեն առևտրային ճանապարհների ու ազդեցության բաժանման հարցում»,- մանրամասնել է նա։

Սոբհանին հերթական անգամ շեշտել է, որ միջազգային սահմանների որևէ փոփոխություն Թեհրանը չի կարող հանդուրժել։ Նա միևնույն ժամանակ խուսափել է հստակեցնել՝ ինչ կանի Թեհրանը, եթե Ադրբեջանը հարձակվի. «Դա տեղի չի ունենա»։

Փաստելով, որ տարածաշրջանի ապագայի հետ կապված լարվածությունը վերջին ալիքը Սյունիքի շուրջն է պտտվում, ամերիկյան լրատվամիջոցը նշել է, որ այս պահին այդ ճանապարհը առանցքային նշանակություն ունի իրանական ապրանքները Պարսից ծոցից Ռուսաստան ու Եվրոպա հասցնելու համար․ «Այստեղ է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանն ուզում են արևելք-արևմուտք ճանապարհ բացել դեպի Թուրքիա, որը կլինի Հայաստանի վերահսկողությունից դուրս։ Հայերը մտավախություն ունեն, որ այդ ճանապարհն Ադրբեջանը կվերցնի ուժով»։

Add new comment