Իրանցի փորձագետները բարձր գնահատեցին ԶՊՄԿ-ի տեխնիկական ու անվտանգային չափանիշները՝ հերքելով ադրբեջանական կեղծ թեզերը
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ այցելած իրանցի փորձագետները բարձր են գնահատում հանքավայրում առկա տեխնիկական ու անվտանգային չափանիշները՝ դրանք գնահատելով միջազգային ստանդարտներին համապատասխան։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իրանի ԱԳՆ քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի Եվրասիայի ուսումնասիրությունների բաժնի ղեկավար Ալի Բեման Էղբալիզարչը լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Ադրբեջանի կեղծ թեզերին, թե իբր ԶՄՊԿ-ն չի հետևում բնապահպանական նորմերին՝ ընդհուպ աղտոտելով Արաքս գետը, նշեց, որ այն, ինչ իրենք տեսել են կոմբինատի տարածքում կատարած շրջայցի ընթացքում, ցույց է տալիս, որ որևէ լուրջ խնդիր չկա։
«Այն, ինչ այստեղ մեզ ներկայացվեց, ցույց է տալիս, որ նրանք պահպանում են միջազգային բոլոր ստանդարտներն ու նորմերը։ Կարծում եմ, որ որևէ լուրջ խնդիր չկա»,-նշեց նա։
Թեհրանի ATU (Allameh Tabataba) համալսարանի դասախոս, միջազգայնագետ Էհսան Մովահեդիանն էլ ընդգծեց, որ մինչև այցելությունն արդեն լսել էին, որ հանքավայրում բնապահպանական բոլոր նորմերը պահպանվում են, իսկ այցը հաստատեց դրա իսկությունը։
«Բնականաբար, երբ անձամբ այցելում և տեղում տեսնում ենք, թե ինչպես է արդյունահանումից հետո հանքաքարը տեղափոխվում գործարանային հատված, հասկանում ենք, որ շատ բարձր նորմերով ու ստանդարտներով է աշխատում կոմբինատը։ Բնականաբար, ապահովության բոլոր միջոցները ևս կիրառված են այստեղ։ Ադրբեջանն, իմ կարծիքով, այդպես է ասում, որովհետև օգտվում է Ողջի գետի ջրից՝ Ֆիզուլիի բնակիչներին ջուր մատակարարելու համար։ Այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ են իրենք հենց այդ ջուրն օգտագործում։ Եթե նույնիսկ ենթադրենք, որ այստեղ արդյունահանվող մոլիբդենն աղտոտում է այդ ջուրը, ապա, կարծում եմ, նման հարցերի համար կարելի է լուծում գտնել։ Օրինակ՝ Հայաստանն ու Իրանն իրենց որոշ հանքերի հարցով նմանատիպ խնդիրներ ունենում են և երկխոսության են նստում, այդ հարցերը քննարկում և ինչ-որ լուծում գտնում»,-ասաց միջազգայնագետը։
Նրա համոզմամբ՝ եթե Ադրբեջանն իրոք ցանկանում է լուծում գտնել այդ հարցին, ապա Իրանի օրինակով կարող էր երկխոսության նստել Հայաստանի հետ և առանց խնդիրն ուռճացնելու լուծում գտնել։
«Սակայն, առհասարակ, Ադրբեջանը, կարծես, ուրիշ նպատակներ է հետապնդում։ Պետք է Ադրբեջանին զգուշացնել, որ շատ բան է փոխվել, և որ ինքը շատ սխալներ է թույլ տալիս, օրինակ՝ այնպիսի սխալ, ինչպիսին Կապանի օդանավակայանի վրա կրակելն էր, որը միջազգային իրավունքներին չի համապատասխանում»,-ընդհանրացրեց Մովահեդիանը։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյանը հավաստիացրեց, որ կոմբինատն աշխատում է բնապահպանական բոլոր նորմերի պահպանմամբ։
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Add new comment