հաջիզադե

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունները՝ Ադրբեջանի Սահմանադրության՝ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ պարունակելու վերաբերյալ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն այն մասին, թե Ադրբեջանի Սահմանադրությունը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ է պարունակում, անհիմն են և նպատակ ունեն մոլորեցնել միջազգային հանրությանը։

Այս մասին «X» սոցիալական ցանցում գրել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Փաշինյանի վերջին հայտարարությունները։

Նրա խոսքով, նման հայտարարությունները միայն անօգուտ փորձ են՝ շեղելու ուշադրությունը Հայաստանի Սահմանադրության՝ Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջներ պարունակելուց։

«Բոլոր օրենսդրությունները ցույց են տալիս, որ Հայաստանը երբեք չի ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Հետևաբար, հայտարարությունները, թե Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, իրավական հիմք չունեն, քանի դեռ Հայաստանը փոփոխություններ չի կատարել իր Սահմանադրության մեջ և չի հրաժարվել բոլոր իրավական և քաղաքական դրույթներից»,-գրել է նա։   

«Թեև Ադրբեջանի Սահմանադրությունը հղում է կատարում 1991 թվականի Ադրբեջանի Անկախության ակտին, որն իր հերթին վերաբերում է 1918 թվականի Անկախության հռչակագրին, որն էլ սահմանում է ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը որպես 1918-2020 թվականների Դեմոկրատական ​​Հանրապետության իրավահաջորդ, այն չի պարունակում որևէ պահանջ հարևան երկրներին։ Երկու փաստաթղթերն էլ ընդգծում են ընդհանուր նորմերի և սկզբունքների պահպանման կարևորությունը, ամենակարևորը, 1918 թվականի Անկախության հռչակագրի 3-րդ հոդվածը նշում է, որ «Ադրբեջանի Դեմոկրատական ​​Հանրապետությունը մտադիր է հաստատել լավ հարաբերություններ բոլոր ժողովուրդների, հատկապես հարևան ժողովուրդների ու պետությունների հետ»:


Գերատեսչության ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ Հայաստանի Սահմանադրությունն իր հերթին հիմնված է 1990 թվականի Հայաստանի Անկախության հռչակագրում ամրագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքների և համազգային ձգրումների վրա, այդ թվում՝ «Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման» նպատակը: Այս փաստաթղթում, ինչպես նշել է Հաջիզադեն, Թուրքիայի որոշ տարածքներ կոչվում են «Արևմտյան Հայաստան»։


Հաջիզադեն նաև նշել է, թե իբր Ադրբեջանի դեմ Հայաստանի երկարաժամկետ ագրեսիան պատմական փաստ է։

«Հաշվի առնելով դա, ինչպես նաև նրա օրենսդրության, քաղաքական հայտարարությունների և իրավական փաստաթղթերի տարածքային պահանջները, ժամանակն է հարցնել, թե ի՞նչ է նշանակում «միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչումը» Հայաստանի համար 1992 թվականին և հիմա։ - գրել է նա։

Հաջիզադեն հրապարակումը եզրափակել է «բոլոր պատմական փաստերի թվարկումը, որոնք կարող են հաստատվել պաշտոնական փաստաթղթերով, չի նշանակում, որ Ադրբեջանը տարածքային պահանջներ ունի Հայաստանի նկատմամբ» անհիմն արադարացմամբ։

Add new comment