Իշխանությունն արհեստականորեն նոր խմբային բախման է տանում` հակադրելով հարկ վճարողին և հայրենիքի պաշտպանին. պատգամավոր

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Իշխանությունն արհեստականորեն նոր խմբային բախման է տանում` հակադրելով հարկ վճարողին և հայրենիքի պաշտպանին:

Հասարակության մեջ յուրաքանչյուր մասնագիտություն, աշխատանք իր նշանակությունն ունի, և երբ առաջին խրամատում կանգնած զինվորին, սպային ժողովուրդը փառաբանում է, սրբագործում է` ինչպես Փաշինյանն է պնդում, դա որևէ ձևով չի նսեմացնում գործարարի, բժշկի, ֆինանսիստի, վարորդի աշխատանքը կամ նվիրվածությունն իր գործին ու երկրին:

Ի հեճուկս փաշինյանական կոչին` չսրբացնել բանակը կամ զինվորին, մեր հասարակությունն այլընտրանք էլ չունի:

Այն ծառայությունը, որը բանակն ու նրա անբաժանելի մասնիկը կազմող զինծառայողներն են արել Արցախյան շարժումից, 2 հայկական հանրապետությունների անկախությունից ի վեր, ոչ միայն արժանի է ամենաբարձր հարգանքին, այլև ստիպում է բոլորիս բանակին առնչվել որպես մեր պետականության գլխավոր հիմնասյան:

Անկախ իշխանության կամքից, ցանկություններից, հանրային վտանգավորություն ներկայացնող արարքներից ու հայտարարություններից` հենց այս պահին էլ բանակի անձնակազմի հիմնական մասը խրամատում է, շաբաթներով, իսկ հաճախ` ամիսներով տնից, ընտանիքից հեռու:

Մեր նահատակների արյամբ կազմավորված ու մեր ժողովրդին անկախություն պարգևած բանակն իր առաքելությամբ է արժանացել այն վերաբերմունքին, ինչի դեմ 6-7 տարի կռիվ է տալիս գործող իշխանությունը:

Հետո էլ թե` ռազմական բյուջե ենք ավելացնում: Ի՞նչ նպատակի պետք է ծառայի բանակին ուղղված փողը, եթե իշխանությունը բանակի գլխին իջեցնում է անբովանդակ, ապազգային, հակաբանակային, ապագաղափարական ազդանշաններ»:

Add new comment