00

Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի կեղծ իմիջ է ստեղծում. ինչի՞ կհանգեցնի նրա «լավատեսությունը»․ «Sputnik Արմենիա»

«Sputnik Արմենիա»ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Իլհամ Ալիևի հասցեին հնչեցրած լավատեսական հայտարարությունները ձեռնտու են միայն ադրբեջանական կողմին և կարող են հայ ժողովրդին կանգնեցնել ծանր իրողությունների առջև: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը՝ մեկնաբանելով Փաշինյանի երեկվա ելույթը։

Նոյեմբերի 13-ին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ Հայաստանը և Ադրբեջանը խաղաղ գոյակցության համար ունեն ոչ միայն խաղաղության պայմանագրի, այլև ռազմավարական գործարք կնքելու կարիք։ Նա գոհունակությամբ խոսել էր նաև ԲՐԻԿՍ–ի գագաթնաժողովի շրջանակում Ալիևի հետ շփումների մասին և իրենց զրույցը շատ կարևոր անվանել։

«Մինչ Ադրբեջանը մերժում է Հայաստանի հետ որևէ փաստաթուղթ ստորագրել, ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, վերադարձնել ռազմագերիներին ու պատանդառված մարդկանց, երկրում պետական մակարդակով շարունակվում է հայատյացության քաղաքականությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամբիոնից ստեղծում է Ադրբեջանի կեղծ իմիջ։ Սա ձեռնտու է միայն Իլհամ Ալիևին, որովհետև եթե Փաշինյանին թվում է՝ այդ քայլերով Ալիևին բերելու է կառուցողական դաշտ, ուրեմն նա կա՛մ քաղաքականությունից ոչինչ չի հասկանում, կա՛մ ակնհայտ կոլլաբորացիոնիզմի մեջ է»,- նշում է Հայրապետյանը։

Ադրբեջանագետին այս հայտարարությունը հիշեցնում է 2019 թվականը, երբ Փաշինյանն Ալիևին հուսալի գործընկեր էր անվանել, սակայն դրանից կարճ ժամանակ անց Ադրբեջանը ռազմական ագրեսիա սկսեց Արցախի ու նաև բուն ՀՀ-ի նկատմամբ, հաջորդեցին հայերի էթնիկ զտումն ու բռնի տեղահանումը։

Խաղաղությունն ըստ Փաշինյանի և Ալիևի

Հայրապետյանի կարծիքով՝ Փաշինյանը հիանալի հասկանում է՝ Ալիևը չի գնալու որևէ թղթի ստորագրման, այսքան միակողմանի զիջումներից հետո՝ պայմանավորվածությունների ձեռքբերման կամ Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչման։ Դրա համար էլ փորձում է հերթական քարոզչական հնարքով հայ ժողովրդին համոզել, որ իրենք շատ մոտ են լուծումների, խաղաղության ձեռքբերմանը։

««Խաղաղություն» բառն ու դրանից բխող մոգական ազդեցությունը փորձում է մաքսիմալ օգտագործել հանրության հույզերը շարժելու համար, որովհետև բնական է` հայ ժողովուրդը, ինչպես յուրաքանչյուր ժողովուրդ, պատերազմ չի ուզում, խաղաղություն, բարիդրացիություն է ցանկանում»,- ասում է ադրբեջանագետը։

Իսկ ի՞նչ է կատարվում Ադրբեջանում

Նոյեմբերի 8-ին՝ Շուշիի օկուպացիայի օրը, Ալիևը հերթական հայատյաց ելույթն է ունեցել։ Ըստ Հայրապետյանի՝ ոչ ծավալուն ելույթում նա հայերի մասին խոսելիս 9 անգամ կիրառել է «թշնամի» բառը։ Ադրբեջանագետը հիշեցնում է՝ նախագահի մակարդակով մեր երկիրն Ադրբեջանում կոչում են Արևմտյան Ադրբեջան, Հայաստանի քարտեզները ցույց են տալիս և ներկայացնում որպես «պատմական հայրենիք», այդ թվում՝ միջազգային հանդիպումներում։

«Փաշինյանը փորձում է ծուռ հայելիների թագավորությունում ստեղծել Ադրբեջանի բոլորովին այլ կերպար, որը երկարաժամկետ, նույնիսկ կարճաժամկետ կտրվածքով միայն Իլհամ Ալիևի շահերից է բխում։ Նա դրանով կոծկում է Ադրբեջանի պետական քաղաքականության իրական էությունը, իսկ այն շարունակում է մնալ ընդգծված հայատյաց, ավելին՝ նոր թափ է հավաքում ՀՀ տարածքի նկատմամբ ակնհայտ հավակնություններով»,- ասում է Հայրապետյանը։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Add new comment