Submitted by Անի Երյան on
Աբազյան

Անասունների անցումները տեղի են ունեցել մինչև փշալարեր տեղադրելու պահը. Աբազյանը՝ Կիրանցի սահմանազատման մասին

Ազգային ժողովում երեկ խոսեցին նաև այն մասին, որ Կիրանցի հատվածից անասունները սահմանը անցնում են: Այդ մասին Կառավարության՝ նոյեմբերի 15-ի նիստին հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, թե չի հասկանում՝ ինչպե՛ս դա կարող է տեղի ունենալ, և արդյոք դա տեղի է ունեցել այն հատվածում, որտեղ սահմանը դեռ կահավորված չէ:

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը նշեց, որ սահմանազատումից հետո՝ մինչև սահմանի վերջնական կահավորում, փշալարերի անցկացում, նման մի քանի դեպք է եղել, և բոլոր դեպքերում խոշոր եղջերավոր անասունները վերադարձվել են, դեպքերը դրական լուծում են ստացել:

Այն, որ դեպքերը եղել են և դրական լուծում են ստացել, ըստ Փաշինյանի, պատասխան չէ, վարչապետին հետաքրքրեց, թե ինչպես կարող էր դա լինել: ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն արձագանքեց. «Կահավորման աշխատանքներն ընթացքի մեջ են, վերջնական չենք ավարտել, իսկ այդ անասունների անցումները տեղի են ունեցել մինչև փշալարեր տեղադրելու պահը: Դրանից հետո որևէ դեպք չենք ունեցել»:

Փաշինյանը նկատեց՝ չսահմանազատված հատվածներում տեսականորեն կարող է նման բան լինել և նախկինում էլ տեղի է ունեցել, նույնիսկ եղել է, որ կենդանիներն անցել, ականների վրա պայթել են:

«Բայց սահմանազատված հատվածներում, որտեղ կահավորված է, դա ուղղակի բացառվում է, չի կարող այդպիսի բան լինել: Այնպես որ, մեր այն հարգելի գյուղացիները, որոնք որոշել են հեռադիտակների վրա փող ծախսել, կարծում եմ՝ այս պարագայում դա անելն այդքան էլ իմաստ չունի»,- ասաց նա:

Add new comment