Լիբանանում սոցիալական անկարգություններն աճում են ֆունտի անկումից հետո
Լիբանանյան ֆունտի արժեքի հանկարծակի անկումը շուկաներում խառնաշփոթ է առաջացրել, փողոցում համատարած զայրույթ և զգուշացումներ, որ մարդիկ «այլևս չեն կարող իրենց թույլ տալ որևէ բան գնել»:
Զուգահեռ շուկայում փոխարժեքը չորեքշաբթի հասել է 77.000 ֆունտի մեկ դոլարի դիմաց՝ 24 ժամ չանցած այն բանից հետո, երբ այն իջել է մինչև 68.000 ֆունտի մեկ դոլարի դիմաց՝ ստեղծելով հսկայական անհամապատասխանություն առքի և վաճառքի գների միջև։
Բենզալցակայանների սեփականատերերը հրաժարվել են վառելիք վաճառելուց, մինչդեռ պետական պաշտոնյաները փորձում էին կանխել բողոքի ակցիաները՝ վախենալով քաղաքային քաոսից:
Քաղաքացիական անկարգությունների վտանգն ընդգծել է Աշխատանքային ընդհանուր միության նախագահ Բեչարա ալ-Ասմարը՝ ասելով, որ միությունը «տեղեկություն է ստացել անկարգությունների գիծ մտնելու հավանականության մասին»:
Նրա մեկնաբանությունները հնչել են այն բանից հետո, երբ Տրիպոլիում զինված անձինք օդ են կրակել՝ նպատակ ունենալով ստիպելու խանութները փակել, մինչդեռ ցուցարարները, զայրանալով իրենց կենսապայմանների տագնապալի վատթարացմամբ, դուրս էին եկել փողոցներ Բեյրութում և գյուղական շրջաններում՝ փակելով ճանապարհները:
«Այն, ինչ տեղի ունեցավ այսօր Տրիպոլիում մարդկանց փողոց դուրս գալու արդյունքում, մի բան է, որը ստիպում է լաց լինել,- ասել է Ալ-Ասմարը։- Նույնը տեղի ունեցավ Բեյրութում և Բեյրութի հարավային մուտքի Ալ-Աուզայի շրջանում, որը կանխատեսում է սոցիալական պայթյուն»:
Բողոքի ցույցերին մասնակցած ակտիվիստ Խալեդն ասել է, որ արժույթի վերջին անկումը նշանակում է, որ մարդիկ «այլևս չեն կարող ոչինչ գնել»:
«Մենք կուսումնասիրենք բողոքի ակցիաների հաջորդ քայլերը։ Այսօր քաղաքում փակվել են փոխանակման բոլոր կետերը, իսկ ապօրինի շրջիկ դրամափոխները դուրս են մղվել»,- հավելել է նա:
Գազալցակայանները դադարեցրել են բենզինի վաճառքը փոխարժեքի անկայունության պատճառով:
Լիբանանի գազալցակայանների սեփականատերերի սինդիկատը կոչ է արել էներգետիկայի նախարարի պաշտոնակատար Վալիդ Ֆայադին «դոլարի գնի ֆիքսման աղյուսակ տալ սահմանափակ ժամկետով, մինչև իրավիճակը կայունանա, քանի որ դա բխում է ինչպես քաղաքացիների, այնպես էլ գազալցակայանների սեփականատերերի շահերից»:
Ըստ Գազալցակայանների սեփականատերերի սինդիկատի անդամ Ջորջ Բրաքսի՝ Էներգետիկայի նախարարության կողմից հրապարակված վառելիքի օրական գների աղյուսակն «այլևս չի համապատասխանում իրականությանը»։
«Ֆունտի արժեքի անկումը կազդի ոչ միայն վառելիքի գների, այլև սպառողական այլ ապրանքների վրա»,- ասել է նա։
Լիբանանում Մեծ Բրիտանիայի դեսպան Համիշ Քաուելը չորեքշաբթի նախազգուշացրել է կենսապահովման ճգնաժամի հետևանքների մասին, «եթե Լիբանանում բոլոր կողմերը համաձայնության չգան նախագահ ընտրելու և բարեփոխումների գործընթաց սկսելու հարցում»:
Բրիտանացի դիվանագետն ասել է, որ «Լիբանանը կարևոր երկիր է Բրիտանիայի և ամբողջ աշխարհի համար, և նրա անվտանգությունն ու կայունությունը պահպանելն անհրաժեշտ է, քանի որ այն ներկայացնում է կրոնների և աղանդների համակեցության մոդել»։
Add new comment