Մեծ Բրիտանիան հայտնել է նորագույն թևավոր հրթիռի հաջող փորձարկման մասին
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է նորագույն թևավոր հրթիռի փորձարկման մասին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես նշված է Միացյալ թագավորության ՊՆ կայքում տարածված հաղորդագրության մեջ, տուրբոռեակտիվ շարժիչով թևավոր հրթիռի փորձարկումը հաջողությամբ է ավարտվել. այն արձակվել է Շվեդիայի «Vidsel» փորձարկման հարթակից «BAE Systems»-ի կողմից շահագործվող «Թայֆուն» ինքնաթիռից:
Նշվում է, որ SPEAR հրթիռը, որն ունի 100 կմ-ից ավելի հեռավորության վրա գտնվող թիրախները խոցելու ունակություն, այդ թվում՝ նախատեսվում է հակաօդային պաշտպանության, նավերի, տանկերի, պաշտպանված կառույցների և արագ շարժվող մեքենաների դեմ օգտագործելու համար: Շահագործման հանձնելուց հետո այն կտեղադրվի բրիտանական «F-35B» կործանիչների վրա և թույլ կտա զինվորականներին թիրախներ խոցել ինչպես ցամաքից, այնպես էլ «Queen Elizabeth» դասի ավիակիրներից:
Պաշտպանական գերատեսչության գնահատմամբ՝ նորարարական SPEAR հրթիռի հաջող փորձարկումը նշանակալի թռիչք է Մեծ Բրիտանիայի զինված ուժերի հնարավորությունների զարգացման գործընթացում, որով ապահովվում է թագավորական նավատորմի և օդուժի սպառազինումը երկիրը պաշտպանելու համար անհրաժեշտ առաջադեմ տեխնոլոգիաներով:
Add new comment