«Զանգեզուրի միջանցքի» բացումը բոլոր կողմերի համար շահավետ նախագիծ է. Էլչին Ամիրբեկով
Վերջերս Բուդապեշտ կատարած այցի ժամանակ Magyar Nemzet (Հունգարական ազգ) թերթին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շահավետության մասին։
«Սա մեզ համար կարևոր է, քանի որ կապ է ձևավորվում Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև։ Իսկ Հայաստանի համար դա կարևոր է, քանի որ դա կարող է վերջ դնել տարածաշրջանում իր մեկուսացմանը»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ Հայաստանը կկարողանա տնտեսական համագործակցությանը միանալ առավել ընդլայնված տարածաշրջանում։
Էլչին Ամիրբեկովը նշել է, որ «Զանգեզուրի միջանցքը» նաև Ասիան Եվրոպային կապող Միջին միջանցքի այլընտրանքային ճանապարհ է, «հետևաբար այն կարևոր է տարածաշրջանի այլ երկրների համար»։
«Թուրքիան աջակցում է «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, իսկ Ռուսաստանը հայտնել է իր հետաքրքրությունը։ Վստահ եմ, որ միջանցքի բացումը բխում է նաև Իրանի շահերից, ուստի չեմ կարծում, որ Զանգեզուրի միջանցքը կարող է հանգեցնել նոր պատերազմի։ Ընդհակառակը, դա նրան թույլ կտա ընդլայնել տնտեսական համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչը վստահության ամրապնդման կարևոր գործոն կլիներ»,- ասել է նա։
Add new comment