Արաղչին վստահեցնում է՝ Իրանն Իսրայելի վերջին հարձակման պատասխան հարվածից չի հրաժարվել
Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Աբբաս Արաղչին վստահեցրել է՝ Թեհրանը չի հրաժարվել իսրայելական ռեժիմի վերջին ագրեսիայի առնչությամբ պատասխան միջոցներ ձեռնարկելու իր իրավունքից։ Ըստ «Դետք»-ի՝ տեղեկությունը հաղորդում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։
Արաղչին շեշտել է՝ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունում հասկացել են, որ Իսրայելի գործողությունը ագրեսիայի նոր ակտ է, ուստի իսրայելական նման ագրեսիայի գործողությունը պահանջում է Իրանի պատասխանը։
«Մենք չենք հրաժարվել արձագանքելու մեր իրավունքից (Իսրայելի առնչությամբ) ու կարձագանքենք ժամանակին և այնպես, ինչպես նպատակահարմար կհամարենք»,- ասել է նա։
Աբբաս Արաղչին նշել է, որ Իրանի ԱԳՆ-ն երբեք զգացմունքային որոշումներ չի ընդունի: Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Իրանն արդեն տվել է պատասխան՝ հաշվի առնելով բոլոր պայմաններն ու հավանականությունները, ինչպես նաև դավադրությունները, որոնք կարող էին ծրագրված լինել Իրանի դեմ՝ կանխելու պատերազմի տարածումը։
«Պատասխանը պետք է տրվի: Հակառակորդի հաշվարկներն անհրաժեշտ է կառավարել, և մենք չպետք է թույլ տանք, որ թշնամին գա այն եզրակացության, թե կարող է հարվածել Իրանին առանց որևէ արձագանքի»,- ասել է նա՝ հավելելով, որ Իսրայելին պատշաճ պատասխան կտրվի զգուշությամբ, մի բան, որը ներկայում գերիշխող է իրանական իսթեբլիշմենտի վերին օղակներում։
Add new comment