ՌԴ-ի և Իրանի միջև ռազմավարական համաձայնագրի ստորագրումը հետաձգվել է Ռայիսիի մահվան պատճառով
Ռուսաստանի Դաշնությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Քազեմ Ջալալին հայտարարել է, որ Թեհրանը և Մոսկվան որևէ խնդիր չունեն համապարփակ ռազմավարական համագործակցության մասին համաձայնագրի կնքման հարցում։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին դիվանագետն ասել է ռուսական պետական «РИА Новости» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։
Դեսպանը շեշտել է, որ ռազմավարական համաձայնագրի ստորագրումը հետաձգվել է Իրանի հանգուցյալ նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահվան պատճառով․ «Ռազմավարական համաձայնագիրն արդեն պատրաստ էր, բայց այն հետաձգվեց նախագահ Ռայիսիի մահվան, իսկ հետո արդեն նոր կառավարության ձևավորման պատճառով։ Այժմ իրանական կողմը Ռուսաստանի հետ աշխատում է նախագահ Փեզեշքիանի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվի շուրջ՝ այս համաձայնագիրը ստորագրելու նպատակով»։
Ջալալին հավելել է նաև, որ ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելը օգուտ կբերի Իրանին, երկիրը կկարողանա օգտվել ապրանքների ավելի քան 80%-ի սակագների չեղարկման տարբերակից:
Add new comment