Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնություն

Արդեն 12 մեդալ՝ Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունում

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում  ընթացող Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունում հայ ըմբիշները շարունակում են հաջող մրցելույթները:

Մրցումային երկրորդ օրը՝ նոյեմբերի 21-ին, ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամները նվաճել են 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ: Հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Առաջնության փոխչեմպիոնի կոչմանն արժանացել է հունահռոմեական ոճի ըմբիշ, 55 կգ քաշային Տիգրան Մինասյանը: Եզրափակչում նա զիջել է ԿԺԴՀ ներկայացուցչին:

Բրոնզե մեդալներ են նվաճել Շանթ Խաչատրյանը (72 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ) և Սամվել Գրիգորյանը (82 կգ):

Բրոնզե մեդալի համար պայքարում Խաչատրյանը 10:1 հաշվով վստահ հաղթանակ է տարել Շվեյցարիայի ներկայացուցչի նկատմամբ, Ալիխանյանը 12:2 հաշվով հաղթել է Սաուդյան Արաբիայի ներկայացուցչին, Ավագյանը 7:4 հաշվով առավելության է հասել իտալացի ըմբիշի նկատմամբ, իսկ Գրիգորյանը 9։1 հաշվով հաղթանակի է հասել Ղազախստանի ներկայացուցչի նկատմամբ:

Հիշեցնում ենք, որ Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության առաջին օրվա՝ նոյեմբերի 20-ի գոտեմարտերի արդյունքում Հայաստանի Հանրապետության ԶՈՒ հավաքականի մարզիկները նվաճել են 3 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ:

Զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել 24 երկրի պատվիրակություն (ավելի քան 400 անձ): Առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 22-ը ներառյալ: Մուտքն ազատ է:

 

Add new comment