Փաշինյանը խաղաղության հասնելու դեպքում չի բացառում ՀՀ-ի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար միջազգային հայցեր չներկայացնելը
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառում միմյանց դեմ միջազգային ատյաններում հայցեր չներկայացնելու վերաբերյալ գործարքի գնալը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում ադրբեջանական կողմից հնչող՝ միջազգային իրավական ատյաններում միմյանց դեմ հայցեր ներկայացնելուց հրաժարվելու վերաբերյալ պահանջին:
«Եթե սկզբունքի տեսակետից մոտենանք հարցին, ապա իմ մոտեցումը հետևյալն է՝ եթե տեսնում ենք, որ մենք ռեալ հասնում ենք խաղաղության, կնքում ենք պայմանագիր, ես կարծում եմ, որ կարելի է գնալ նման գործարքի, ինչը նշանակում է՝ ոչ իրենք մեր նկատմամբ, ոչ մենք իրենց նկատմամբ հայցեր՝ նախորդիվ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, պետք է չներկայացնենք, փոխադարձաբար հրաժարվենք հայցերից և հույս ունենանք, որ ապագայում հայց ներկայացնելու առիթ չի լինի»,-ասաց վարչապետը:
Ըստ նրա՝ սակայն տրամաբանությունը կլինի այն, որ եթե հանկարծ ապագայում հայց ներկայացնելու առիթ լինի, դա ոչ ադրբեջանական կողմին, ոչ Հայաստանին չի սահմանափակելու դա անել:
Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին պարեկություն իրականացնելու նպատակով Հայաստանում տեղակայված Եվրամիության քաղաքացիական առաքելության դիտորդների հեռացման վերաբերյալ Ադրբեջանից հնչող պահանջին՝ վարչապետն ասաց, որ հայկական կողմն Ադրբեջանին արել է հանդիպակաց առաջարկ՝ այդ կարգավորումն անել սահմանազատված հատվածների նկատմամբ: «Այն սահմանում, որը սահմանազատված է, օբյեկտիվորեն դիտորդ ունենալու կարիք չկա»,-նշեց նա։
Add new comment