Մոսկվան հետաքրքրված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ ամուր խաղաղության հաստատմամբ․ Կոպիրկին
ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Իզվեստիա»-ի հետ զրույցում հայտնել է, որ ՌԴ-ն ակնկալում է՝ Հայաստանը կմիանա Եվրասիայում հավասար ու անբաժանելի անվտանգության համակարգի մշակման համատեղ ջանքերին։ Նրա խոսքով՝ ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցությանը, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակներում, իրական այլընտրանք գոյություն չունի։
Միաժամանակ նա հայտնել է, որ ՌԴ-ն նախկինի պես հավատարիմ է ՀՀ անվտանգության ապահովման իր պարտավորություններին՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ՀԱՊԿ-ի գծով։ Դեսպանի խոսքով՝ Մոսկվան հետաքրքրված է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ամուր խաղաղություն լինի։ Անդրադառնալով հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերություններին՝ Կոպիրկինը նշել է, որ դրանց դինամիկ զարգացման կատալիզատորը մեծապես հանդիսանում է ԵԱՏՄ հարթակում համագործակցությունը։
«Մեր փոխադարձ առևտրի տպավորիչ թվերը պարզապես անհնար կլինեին առանց ԵԱՏՄ մարմինների արդյունավետ ջանքերի՝ ուղղված առևտրային և վարչական խոչընդոտների վերացմանը»,- ասել է նա։
Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն անդրադառնալով՝ Կոպիրկինը նշել է, որ որպես կանոն՝ ցանկացած խաղաղության պայմանագրի նախապատրաստումը շատ դժվար և պատասխանատու գործընթաց է։
«Բնականաբար, Մոսկվայում հետաքրքրված են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ ամուր խաղաղություն հաստատվի։ Կարևոր է նաև, որ այդ՝ տարածաշրջանի համար ճակատագրական փաստաթուղթը հիմնված լինի բոլոր փոխադարձ մտահոգությունների արդարացի լուծման վրա՝ առանց կողմերից որևէ մեկի համար «դառնության»»,- ասել է դեսպանը։
Կոպիրկինը հայտնել է, որ ՌԴ-ն անփոփոխ կերպով պատրաստ է իր հայ և ադրբեջանցի գործընկերներին օգնել երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցում՝ հետևելով 2020-2022 թթ․ ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ հայտարարությունների ոգուն ու տառին։
Add new comment