Ուղղակի զավեշտ է, որ մենք հիմա քննարկում ենք նման հարց. Մինասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
«Չեմ ուզում հիմարությունը քննարկել։ Մերժում եմ, հրաժարվում եմ նման բառապաշարի քննարկումից առհասարակ»,- Ազգային ժողովում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով Նիկոլ Փաշինյանի հայտարարության՝ «Արևմտյան Հայաստանի» ու Բաքվի կողմից շրջանառվող «Արևմտյան Ադրբեջան» եզրույթներին վերաբերող հարցին։
«Հիմարություն է, ուղղակի զավեշտ է, որ մենք հիմա քննարկում ենք նման հարց: Ցանկացած նման քննարկում նաև առիթ է դրսի համար, որ իրենք ինչ-որ պատկերացում կամ գործողություններ ձեռնարկեն մեր հասարակության նկատմամբ։ Եթե մեկը հիմար է, չի նշանակում, որ ամբողջ հասարակությունը պետք է հիմարաբար սկսի քննարկել այդ հիմարությունը»,- ասել է Մինասյանը։
Հիշեցնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 23-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է. «Նեղվում ենք ու ծանր ենք տանում, երբ ինչ որ տեղ ինչ որ մարդիկ օգտագործում են «Արևմտյան Ադրբեջան» տերմինը։ Բա որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան, չե՞նք մտածում, որ ինչ որ մարդկանց գրգռում ենք։ Հիմա էլի ասելու են՝ հերթական դավաճանությունը, ստոր տականքությունը։ Ես այսօր մի իրավիճակում ու պատասխանատվության մեջ եմ, որ պարտավոր եմ մեր ժողովրդի հետ խոսել ու ցույց տալ պատճառահետևանքային կապերը, շղթաները։ Եթե ես դա չանեմ, նշանակում է՝ գիտակցաբար երկիրը տանում եմ դեպի կորուստ»։
Add new comment