Զելենսկին պնդում է, որ ռուս-ուկրաինական պատերազմում Ադրբեջանն աջակցում է Ուկրաինային
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ ռուս-ուկրաինական պատերազմում Ադրբեջանն ու այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևն աջակցում են Ուկրաինային։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Զելենսկին այս մասին ասել է «Փետրվար. անպարտելիության տարի» խորագրով կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Ասուլիսի ժամանակ ադրբեջանցի լրագրող Մուբարիզ Ասլանովն Ուկրաինայի նախագահին ուկրաիներենով աջակցություն է հայտնել և խնդրել սելֆի անել իր հետ։ Ուկրաինայի նախագահն ի պատասխան համաձայնվել է և իր խոսքում մեկնաբանել Բաքվի դիրքորոշումը։
«Եթե այսօր ադրբեջանցի լրագրողը ձգտում է ինձ ուկրաիներեն հարց տալ, ապա սա արդեն ցույց է տալիս, թե ում է աջակցում Ադրբեջանը՝ Ռուսաստանի՞ն, թե՞ Ուկրաինային»,- հայտարարել է Զելենսկին։
Վերջինս նաև նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես է գալիս միջազգայնորեն ճանաչված սահմանների հարգման օգտին, և դա ամենակարևորն է։ Նա հավելել է, որ ինքը մշտական կապի մեջ է Ալիևի հետ։
Հիշեցնենք, որ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից երկու օր առաջ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը դաշնակցային համագործակցության հուշագիր են ստորագրել, որով երկկողմ հարաբերությունները բարձրացվել են որակական նոր մակարդակի։
Add new comment