Կիևը հաղորդում է իրանական «Shahed» անօդաչուների գիշերային հարձակման մասին
Ուկրաինայի իշխանությունները հաղորդում են «Shahed» կամիկաձե անօդաչու թռչող սարքերի գիշերային հարձակման մասին: Երկրի գլխավոր շտաբի տվյալներով՝ ռուսական կողմի արձակած 14 անօդաչու թռչող սարքերից 11-ը խոցվել են։
Կիևի, Չեռնիգովի, Պոլտավայի, Ժիտոմիրի, Դնեպրոպետրովսկի և Խարկովի մարզերում օդային տագնապ է հայտարարվել։ Պայթյուններ են հնչել Կիևում և Խմելնիցկիում:
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակն իր թելեգրամյան ալիքում հայտարարել է Կիևի մարզի Բորիսպոլ և Բրովարի շրջաններում հակաօդային պաշտպանության համակարգի աշխատանքի մասին։
Կիևի շրջանային ռազմական վարչությունը հայտնել է, որ տարածաշրջանում հայտնաբերել են հակառակորդի օբյեկտներ։
Կիևը Մոսկվային մեղադրում է իրանական «Shahed-136» անօդաչու թռչող սարքերի օգտագործման մեջ՝ քաղաքացիական և էներգետիկ օբյեկտների վրա հարձակումներ իրականացնելու համար։ Ռուսական կողմը պաշտոնապես հերքում է բոլոր մեղադրանքները։
Add new comment