0140

«Երբ որ նշան են բռնել թիկունքիդ, քո զգաստությունն էլ իմաստ չունի»․ ԶԳՕՆ հասարակության կերտման ճանապարհով

«Երբ որ նշան են բռնել թիկունքիդ, քո զգաստությունն էլ իմաստ չունի»․ Համո Սահյանի ահա այս խոսքով առաջնորդվելով՝ փաստաբան Հռիփսիմե Հարությունյանը և մեդիափորձագետ Գայանե Մանուկյանը 2023 թվականին հիմք դրեցին հասարակությունը ԶԳՕՆ դարձնելու նախաձեռնությանը։

«ԶԳՕՆ»-ի առաքելությունն  է ստեղծել այնպիսի միջավայր, որը կնպաստի արտակարգ իրավիճակներում անվտանգության մշակույթի զարգացմանը: «ԶԳՕՆ»-ը հավատում է, որ զգոնության մակարդակի բարձրացումը լայն հասարակության շրջանակներում կբերի անհատական մակարդակում պատրաստվածության, ինչն էլ իր հերթին կապահովի սեփական կյանքի անվտանգությունը անկանխատեսելի իրադարձությունների և արտակարգ իրավիճակների ժամանակ:

 «Դետք»-ի հետ զրույցում անդրադառնալով նախաձեռնության գաղափարի ստեղծմանը՝ Գայանե Մանուկյանը պատմեց, որ այն առաջացել է «Ազատազէն» քաղաքացիական հրաձգարանում, երբ ինքն ու Հռիփսիմեն գնացել էին կրակել սովորելու․ «Առաջին անգամ զգոնության մասին այդտեղ զրուցեցինք, և ամեն ինչ այդտեղից սկսվեց»։

Իսկ ինչո՞ւ ԶԳՕՆ․ «Քանի որ մենք հաճախ զգոն չենք և ճգնաժամային իրավիճակին ճիշտ չենք արձագանքում, իսկ զգոնությունն առաջին հերթին մշակույթ է»։

Նախաձեռնությունը ձգտում է ձևավորել զգոնության և անվտանգության ինքնագիտակցություն համայնքներում: Վերջինիս նպատակն է, որ հինգ տարի անց ՀՀ քաղաքացիների մեծամասնությունն ունենա տագնապի պայուսակ տանը, աշխատավայրում, դպրոցում և հանրային այլ կառույցներում, իմանա դրանց կիրառման ձևն ու տեղը, տիրապետի առաջին օգնության հիմունքներին, ունենա հագեցած ապաստարաններ։

«Բացի տագնապի պայուսակից, որը ներառում  է և՛ դեղատուփ, և՛ հակառադիացիոն փաթեթ, «ԶԳՕՆ»-ը նաև կրթական ծրագրեր է իրականացնում՝ թրեյնինգներ մարզերում, դասընթացներ համայնքներում, ինչպես նաև ծրագրում է իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) շրջանակում իրականացնել դպրոցների, ապաստարանների վերականգնում, այդ թվում՝ կահավորում։ Առաջին իսկ ծրագրերից մեկը լինելու է ապաստարանների կահավորումը՝ որպես ծառայություն»,- պատմեց Գայանեն։

Նրա խոսքով՝ ուսումնասիրել են տարբեր երկրների փորձը՝ Ֆինլանդիա, Շվեյցարիա, Սինգապուր, Չինաստան, Թուրքիա․ «Պետք է ասեմ, որ Թուրքիայում տագնապի պայուսակը պետական ստանդարտ է, և եթե ուշադիր նայենք, վերջին երկրաշարժի ժամանակ շատերը փրկվել են տանը եղած տագնապի պայուսակի շնորհիվ, որովհետև դա պարտադիր է ունենալ»։

Անդրադառնալով զգոն լինելու կարևորությունը հասարակությանը հասցնելուն՝ մեր զրուցակիցն ասաց, որ դա արվում է կորպորատիվ և համայնքային դասընթացների միջոցով, որոնք, իր խոսքով, հետաքրքիր և ինտերակտիվ են անցնում՝ մրցույթներով, խաղերով․ «Որևէ կերպ տագնապ չմտցնելով մարդկանց գիտակցության մեջ, այլ հասկացնելով, որ սա պարզապես մեր կենցաղի մի մասը պետք է լինի, և դա նորմալ է, բոլոր զարգացած և առաջատար երկրներում դա նորմա է, և մեզ մոտ էլ պիտի լինի այդպես»։

Ըստ Գայանեի՝ բացի կրթական ծրագրերից՝ հասանելիությունը լինելու է նաև հաղորդաշարի տեսքով․ նախատեսվում է «Ազգային ցանց» հիմնադրամի հետ միասին իրականացնել զգոնությանը վերաբերող հեռուստաշար․ «Արդեն իսկ սկսվել են փնտրտուքները այդ ծրագրի հեղինակի և սցենարի համար»։

Նախաձեռնության մասին կարծիքներից խոսելով՝ Գայանեն պատմեց, որ մարդիկ դրական հետադարձ արձագանք են ունենում՝ հատկապես կորպորացիաները, կազմակերպությունները, որոնք ունեն մեծաքանակ աշխատակիցներ․ «Դա (նկատի ունի տագնապի պայուսակը՝ դեղատուփով և հակառադիացիոն փաթեթով - խմբ.) շատ լավ նվեր է առաջին հերթին իրենց ներքին ԿՍՊ-ի շրջանակում։ Այն աշխատակիցներին կրթելու ևս մեկ հնարավորություն է։ Մենք նախատեսում ենք հենց կազմակերպությունների հետ միասին տարածել այս գաղափարախոսությունը, որովհետև շատերս ավելի շատ ժամանակ անցկացնում ենք աշխատավայրում, և զգոն պետք է լինենք նաև այնտեղ»։

««ԶԳՕՆ»-ը պետք է լինի, որպեսզի վտանգի դեպքում մենք կարողանանք երկարացնել մեր սիրելիների, հարազատների կյանքը։ Այնպես որ պետք է զգաստ լինենք, մինչև մեր թիկունքին նշան բռնելը»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Հասմիկ Անդրեասյան

Add new comment