Հայաստանը Լեռնային Ղարաբաղը չի ճանաչել որպես անկախ պետություն և չի ներառել իր պետական պարագծի մեջ. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Աստանայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ ՀԱՊԿ անդամ երկրները Արցախում (ԼՂ) պարտավոր չէին Հայաստանի կողմից կռվել։ Նրա խոսքով՝ այդ իրավիճակում հանրապետությունը արտաքին ագրեսիայի չի ենթարկվել:
«Լեռնային Ղարաբաղի վերաբերող իրադարձություններն ունեն իրենց առանձնահատկությունները, քանի որ Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղը որպես անկախ պետություն և, իհարկե, Ղարաբաղը չի ներառել իր պետական պարագծի մեջ։ Սա նշանակում է, որ այն ամենը, ինչ տեղի է ունեցել Ղարաբաղում, իրավական տեսանկյունից ուղղակիորեն չի առնչվում Հայաստանին»,- ասել է նախագահը։
Խոսելով ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության սառեցման մասին՝ Վլադիմիր Պուտինն ասել է, որ ասոցիացիայի ցանկացած երկիր պետք է ինքը որոշի, թե ինչն է համապատասխանում իր ազգային շահերին և ինչպես ու ինչ է ցանկանում անել իր անվտանգությունն ապահովելու համար։
Նախագահի կարծիքով՝ Հայաստանի ներկայիս վերաբերմունքը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նկատմամբ պայմանավորված է «ղարաբաղյան ճգնաժամով և ներքաղաքական խնդիրներով»։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ Երևանը շարունակում է աջակցել ՀԱՊԿ գագաթնաժողովի բոլոր փաստաթղթերին և դեռ չի հայտարարել ռազմական դաշինքից դուրս գալու մասին։
«Եթե դա այդպես է, նշանակում է՝ կա հավանականություն, որ Հայաստանը ՀԱՊԿ շրջանակում կվերադառնա լիարժեք աշխատանքի։ Դե, տեսնենք»,- ասել է նախագահը։
Add new comment