Խորհրդային Ադրբեջանը Լեռնային Արցախը, Զանգեզուրը և Նախիջևանը ճանաչել է Հայաստանի Սոցիալիստական Հանրապետության մաս
Քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը գրում է. «104 տարի առաջ ճիշտ այս օրը՝ 1920 թ. նոյեմբերի 30-ին, Խորհրդային Ադրբեջանը Լեռնային Արցախը, Զանգեզուրը և Նախիջևանը ճանաչել է Հայաստանի Սոցիալիստական Հանրապետության մաս:
Այսպես՝ 1920 թ. նոյեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետությունում հաստատվում են խորհրդային կարգեր: Ի նշան Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման՝ Խորհրդային Ադրբեջանի հեղափոխական կոմիտեի նախագահ Նարիման Նարիմանովը շնորհավորական ուղերձ է հղել, որտեղ հայտնել է, որ նոյեմբերի 30-ին Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Հեղկոմն ընդունել է որոշում, ըստ որի՝ «Այսօրվանից Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վեճերը հայտարարվում են վերացված: Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը համարվում են Հայաստանի Սոցիալիստական Հանրապետության մասը»:
Խորհրդային Ադրբեջանի Հեղկոմի վերոնշյալ որոշումը, ստորագրված Հեղկոմի նախագահ Նարիման Նարիմանովի և արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Միրզա Հուսեյնովի կողմից, 1920 թ. դեկտեմբերի 7-ին տպագրվել է Երևանում լույս տեսնող «Կոմունիստ» թերթի 2-րդ համարում հայերեն թարգմանությամբ»:
Add new comment