Submitted by detq-editor on
«Հաագայի դատարանը կարող է 3 դատավորից կազմված կոմիտե ստեղծել, որը կհետևի իր որոշումների կատարմանը». միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ

«Հաագայի դատարանը կարող է 3 դատավորից կազմված կոմիտե ստեղծել, որը կհետևի իր որոշումների կատարմանը». միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ

«Հիմա ստացվում է, որ բացի 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից՝ ևս մեկ իրավական պարտադիր փաստաթուղթ կա, որը ձևակերպում է Բերձորի միջանցքով անխափան անցնելու  հանգամանքը կամ  Ադրբեջանի պարտավորությունը՝ դա ապահովելու»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշել է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ անդրադառնալով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ Հայաստանի և Ադրբեջանի կողմից ներկայացված ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշումներին:

Նշենք, որ Արդարադատության միջազգային դատարանն օրեր առաջ որոշել է ժամանակավոր միջոց կիրառել՝ պարտավորեցնելով Ադրբեջանին ապահովել Բերձորի միջանցքով մարդկանց, բեռների, տրանսպորտային միջոցների անխոչընդոտ անցումը:

Ըստ Կիրակոսյանի՝ այս որոշումն ունի նաև քաղաքական հետևանքներ, և հիմա էլ դրանք արդեն կան. «Միգուցե շատ տեսանելի չեն: Առնվազն գնահատականի տեսքով հետևանք լինում է: Եթե մենք ունենում ենք տարբեր երկրներ, միջազգային կառույցներ, որոնք սկսում են այս հարցի  մասին խոսել, գնահատական տալ, օրինակ, Ադրբեջանի կողմից որոշման չկատարմանը, դա արդեն էական հետևանք կարելի է համարել: Այդ հետևանքների ակումուլյացիայի արդյունքում էլ արդյունք ենք ստանում: Երբ 10-15 պետություններ սկսում են նույն բանը պնդել, կամ միջազգային կազմակերպությունները կոչ անել, դա ձնագնդի էֆեկտով կարող է հասնել ինչ-որ արդյունքների: Ճանապարհը սա է:

Այս ժամանակավոր միջոցը կիրառված է «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» մեծ գործի շրջանակում, և մինչև հիմնական գործի քննությունը մենք այս ապացույցները ներկայացնելու ենք դատարան: Այսինքն՝ մենք դատարան ներկայացնելու ենք Ադրբեջանի չկատարումները կամ Ադրբեջանի կողմից դատարանի որոշումները խախտող քայլերը»։

Եղիշե Կիրակոսյանը նշել է, որ դատարանի կանոնների համաձայն՝ այն հնարավորություն ունի ստեղծելու երեք դատավորից կազմված կոմիտե, որի նպատակն է հետևել դատարանի որոշումների կատարման ընթացքին: Հնարավոր է նաև փաստահավաք առաքելություն գա, բայց այդ ուղղությամբ պետք է աշխատանք տարվի:

Add new comment