detq

Իրանը և դիմադրության խմբերը կանգնած են Սիրիայի կողքին. Արաղչի

Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը և դիմադրության խմբերը ահաբեկչության դեմ պայքարում շարունակում են աջակցել Սիրիային։ Ըստ՝ «Դետք»-ի՝ տեղեկություն հաղորդում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Արաղչին նշել է, որ Դամասկոս կատարած այցի ընթացքում ծավալուն բանակցություններ է վարել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ։ Անդրադառնալով Սիրիայում ստեղծված իրավիճակին՝ Իրանի գլխավոր դիվանագետն ընդգծել է, որ չնայած դժվարին ժամանակաշրջանին, առկա սպառնալիքներին դիմակայելու Սիրիայի վճռականությունը մնում է անսասան։

Իրանի արտգործնախարը հիշեցրել է նաև, թե ինչպես է Սիրիան նախկինում դիմացել և հաղթանակած դուրս եկել այնպիսի մարտահրավերներից, ինչպիսին «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարն էր։ Նա նշել է, որ Իրանը հստակ արտահայտել է իր համակողմանի աջակցությունը Սիրիայի կառավարությանը, բանակին ու ժողովրդին։

Արաղչին անդրադարձել է նաև Իրանի և Թուրքիայի միջև տարածաշրջանային ընդհանուր մտահոգություններին` լավատեսություն հայտնելով տարածաշրջանում կայունության ամրապնդման նպատակով փոխադարձ համագործակցության հեռանկարների վերաբերյալ:

Նա կարևորել է նաև երկու երկրների միջև համագործակցությունը՝ խաղաղության և անվտանգության ընդհանուր նպատակների իրականացման գործում:
 

Add new comment