Ազգ-բանակ հայեցակարգը ոչ թե ազգ-նահատակի շարունակությունն է, այլ ճիշտ հակառակը. Աբրահամյանը՝ Փաշինյանին
Այս 6-7 տարիներին բանակին ուղղված ինչ ասես չլսեցինք, իսկ վերջին շրջանում հարվածները, որոնք տեղում են բանակի ուղղությամբ, նպատակ ունեն ոչնչացնելու այն ֆունդամենտը, որի շուրջ համախմբվում, գաղափարապես ներդաշնակեցվում է մարդը՝ որպես երկրի համար կարևոր ինստիտուտի մի մասնիկ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության Տիգրան Աբրահամյանը։
Նա նշեց, որ իշխանության առանցքային ներկայացուցիչներից մեկը պնդում էր, թե պետք է Ադրբեջանի պայմաններով համաձայնագիր կնքենք, որովհետև մեր բանակը ոչ մի հնարավորություն չունի Ադրբեջանի դեմ կռվելու համար:
«Իշխող ուժի ղեկավարն էլ մեկ հայտարարում է՝ բանակը եկեք չսրբագործենք, բայց զուգահեռ երկրի հերոս է հռչակում հարկ վճարողին՝ միմյանց հակադրելով հասարակական տարբեր խմբերին, մեկ հայտարարում, թե գիտեք, մեզ միջազգային տեսանկյունից որպես ազգ-նահատակ են դիտում, եկեք հասկանանք, թե ում կամ քանի բանակի դեմ ենք պայքարում:
Ի դեպ, երբ խոսում եմ զինծառայողի, հրամանատարի կարևոր առաքելության և անգնահատելի ծառայությունների մասին, սա որևէ ձևով չի հակադրվում իր պարտքը հասարակության նկատմամբ կատարող բժշկի, գործարարի, հողագործի մասնագիտություններին»,- նշեց Տ.Աբրահամյանը։
Նա նշեց, որ ԱԺ բարձր ամբիոնից տարբեր ժամանակներում, տարբեր բնույթի և լրջության ելույթներ են հնչել, սակայն տարօրինակ է, երբ 6-7 տարի իշխանության ղեկին կանգնած անձը խոսում է մեր երկրի՝ ազգ-նահատակի իմիջ ունենալու մասին, բայց չի խոսում դրա պատճառների և պատասխանատուների մասին:
«Ինչպե՞ս ստացվեց, որ հենց այդ խոսողի ղեկավարած երկրում 2020 թվականին ավերիչ պատերազմ եղավ, հազարավոր մարդիկ զոհվեցին, հետո Հայաստանի դեմ Ադրբեջանը 3 տարի շարունակ, տարբեր փուլերով ագրեսիայի դիմեց, որի հետևանքով մեր երկիրը կարևոր տարածքներ կորցրեց:
Եվ վերջապես՝ ո՞ւմ գործունեության հետևանքով Արցախի ադրբեջանացման հիմքը դրվեց, իսկ հետո նրա իսկ հանցավոր լռությամբ՝ ամբողջությամբ օկուպացվեց:
Ի դեպ, ազգ-բանակ հայեցակարգը ոչ թե ազգ-նահատակի շարունակությունն է, այլ ճիշտ հակառակը՝ հասարակության ամուր սատարմամբ և ներդմամբ այնպիսի բանակի կառուցումն է, որը հնարավորություն էր տալիս մեր երկրին՝ իր ռեսուրսների ու պոտենցիալի պայմաններում, դիմագրավելու մեր երկրի առաջ առկա սպառնալիքներին:
Ասում է՝ դեռ պարզ չէ, թե մեկ, երկու, երեք, թե ավելի շատ բանակներից պետք ուժեղ լինենք: Շատ վատ է, որ գրեթե 7 տարի վարչապետի պաշտոն զբաղեցնող անձը դեռ այս հարցադրումն է անում և դեռ փնտրտուքների մեջ է: Այս հարցի պատասխանը շատ պարզ է. նորմալ պետության պայմաններում խորքային գնահատում են Հայաստանի, տարածաշրջանի շուրջ առկա ռազմաքաղաքական իրավիճակը, Հայաստանի դեմ թշնամաբար տրամադրված երկրների թիվն ու վտանգավորությունը, ուղղակի և անուղղակի սպառնալիքների չափաբաժինը՝ ցանկը շարունակելի է, և պրագմատիկ հաշվարկների վրա ձևակերպում երկրի անվտանգության բանաձևը»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Տ.Աբրահամյանն ընդգծեց՝ իշխող ուժը խոսում է ոչ թե իրադրային գնահատման կամ լուծումների դիրքերից, այլ, ըստ էության, բարոյալքման, սեփական անգործության արդարացման և փակուղային իրավիճակի արձանագրման տեսանկյունից:
Add new comment