Հարավային Կորեայում ռազմական դրությունը չեղյալ է հայտարարվել
Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը վաղ առավոտյան չեղարկել է ռազմական դրությունն Ազգային ժողովի միաձայն քվեարկությունից հետո, որով պատգամավորները պահանջել են չեղյալ համարել այն։ Այս մասին հաղորդում է «Yonhap» գործակալությունը։
Պատգամավորների արտակարգ հանդիպման ընթացքում հիմնական ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցությունը նաև հայտարարել է, որ անմիջապես կսկսի նախագահի իմփիչմենթի գործընթացը, եթե նա ինքը հրաժարական չտա։
Ըստ Դեմոկրատական կուսակցության հայտարարության՝ նախագահի կողմից ռազմական դրության հայտարարումը «Սահմանադրության կոպիտ խախտում է, ապստամբության լուրջ գործողություն և իմփիչմենթի լուրջ հիմք»։
«Yonhap»-ը նաև նշում է, որ նախագահ Յուն Սոկ Յոլի բոլոր բարձրաստիճան տեղակալները, այդ թվում՝ նրա աշխատակազմի ղեկավարը, ազգային անվտանգության հարցերով խորհրդականը, հրաժարականի դիմում են ներկայացրել այն բանից հետո, երբ Ազգային ժողովն արգելափակել է նրա կողմից ռազմական դրության անակնկալ հայտարարումը։
Add new comment