Լավրով

Մոսկվան կօգտագործի ցանկացած միջոց՝ թույլ չտալու, որ Արևմուտքը հաջողի ՌԴ-ին «ռազմավարական պարտության» հասցնելու հարցում. Լավրով

ՌԴ արտգործնախարարը նշել է, որ Մոսկվան պատրաստ կլինի օգտագործել ցանկացած միջոց, որպեսզի թույլ չտա, որ Արևմուտքը հաջողության հասնի ՌԴ-ին «ռազմավարական պարտության» հասցնելու հարցում։

ՌԴ-ն պատրաստ է լրացուցիչ ուղերձներ հղել Արևմուտքին, եթե այնտեղ անհրաժեշտ եզրակացություններ չանեն «Օրեշնիկի» գործարկումից հետո։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը լրագրող Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում։

Ինչպես նշել է ՌԴ նախարարը, «Օրեշնիկի» արձակման ուղերձն այն էր, որ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները, որոնք հեռահար զենք են մատակարարում Ուկրաինային, պետք է հասկանան, որ Մոսկվան պատրաստ կլինի օգտագործել ցանկացած միջոց, որպեսզի թույլ չտա, որ Արևմուտքը հաջողության հասնի ՌԴ-ին «ռազմավարական պարտություն» հասցնելու հարցում:

«Ուղերձը, որը ուզում էինք հասցնել՝ փորձարկելով այդ գերձայնային համակարգը իրական պայմաններում, այն է, որ մենք պատրաստ կլինենք անել ամեն ինչ՝ պաշտպանելու մեր օրինական շահերը»,- ասել է Լավրովը։

Նախարարի խոսքով՝ ՌԴ–ն կցանկանար խուսափել թյուրըմբռնումից, բայց քանի որ Լոնդոնում և Բրյուսելում որոշ անհատներ կարծես թե այնքան էլ ճիշտ չեն գնահատում իրավիճակը, ՌԴ–ն պատրաստ է լրացուցիչ «մեսիջներ» ուղարկել, եթե նրանք անհրաժեշտ եզրակացություններ չանեն։

Միևնույն ժամանակ, ինչպես նշել է ՌԴ նախարարը, անհանգստության տեղիք են տալիս ԱՄՆ-ի սպառնալիքները սահմանափակ միջուկային հարվածների հնարավորության վերաբերյալ։

Նրա խոսքով՝ միջուկային հարվածների սահմանափակ փոխանակման մասին զրույցները «աղետի հրավեր» են, ինչը ՌԴ-ն չի ուզում։

Լավրովը նշել է` Ռուսաստանը տեղյակ է, որ Պենտագոնում և այլ կազմակերպություններում, այդ թվում՝ ՆԱՏՕ-ում, որոշ պաշտոնական այրեր սկսել են խոսել այն մասին, որ դաշինքը պաշտպանական է, բայց երբեմն կարելի է առաջինը հարվածել, քանի որ լավագույն պաշտպանությունը հարձակումն է։
 

Add new comment