DETQ

Իրանն ակնկալում է, որ Սիրիայի հետ իր հարաբերությունները հետագայում ևս կզարգանան

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը վերահաստատել է Թեհրանի քաղաքականությունը, որն ուղղված է Սիրիայի միասնությունը, տարածքային ամբողջականությունը և ազգային ինքնիշխանությունը հարգելուն՝ ընդգծելով, որ միայն սիրիացիները կարող են որոշել իրենց երկրի ապագան։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հաղորդում է իրանական «Tasnim» լրատվական գործակալությունը։

Պաշտոնական Թեհրանի հայտարարության համաձայն՝ Սիրիայի ճակատագրի և նրա ապագայի որոշումն արաբական երկրի ժողովրդի բացառիկ պարտականությունն է՝ առանց որևէ ապակառուցողական արտաքին միջամտության կամ պարտադրանքի։ «Նման կարևոր հարցի իրականացումը պահանջում է ռազմական բախումների շուտափույթ դադարեցում, ահաբեկչական գործունեության կանխարգելում և սիրիական հասարակության բոլոր շերտերի մասնակցությամբ ազգային երկխոսության սկիզբ՝ սիրիացի ողջ ժողովրդին ներկայացնող ներառական կառավարություն ձևավորելու նպատակով»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը, նախկինի պես, աջակցում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևի վրա հիմնված միջազգային մեխանիզմներին, որոնք ուղղված են Սիրիայում քաղաքական գործընթացի շարունակմանը և այդ առումով շարունակելու է կառուցողական փոխգործակցությունը ՄԱԿ-ի հետ:

«Ներկա հանգամանքներում, երբ Սիրիան գտնվում է իր պատմության կրիտիկական փուլում, անհրաժեշտ է ապահովել բոլոր սիրիացիների և այլ երկրների քաղաքացիների անվտանգությունը, պաշտպանել կրոնական վայրերի և դիվանագիտական ու հյուպատոսական ներկայացուցչությունների անձեռնմխելիությունը՝ միջազգային իրավունքի  չափանիշներին համապատասխան»,- շեշտվում է հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ ընգծվում են նաև Իրանի և Սիրիայի ժողովուրդների դարավոր բարեկամական կապերը և ակնկալվում է, որ այդ կապերը կշարունակվեն ընդհանուր շահերի և միջազգային իրավական պարտավորությունների հարգման վրա հիմնված իմաստուն և խոհեմ մոտեցման դեպքում։ Ընդգծելով Սիրիայի դիրքը, որպես Արևմտյան Ասիայի տարածաշրջանում կարևոր և ազդեցիկ երկրի՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը բոլոր ջանքերը կգործադրի Սիրիայում անվտանգության և կայունության վերականգնման համար և այդ նպատակով, հատկապես՝ տարածաշրջանում, կշարունակի խորհրդակցությունները բոլոր կողմերի հետ։ 

Իրանի ԱԳՆ-ն նաև հավելել է, որ Թեհրանը կշարունակի ուշադիր հետևել Սիրիայում իրադարձությունների զարգացմանը և համապատասխան դիրքորոշումներ ու մոտեցումներ կդրսևորի՝ հաշվի առնելով արաբական երկրի քաղաքական ասպարեզում և անվտանգության ոլորտում ազդեցիկ դերակատարների վարքագիծը։

Add new comment