Իրանի գերագույն առաջնորդը պնդում է՝ Սիրիայում ռազմական հեղաշրջումը ծրագրել էին ԱՄՆ-ն ու Իսրայելը
Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Սիրիայում զինված ընդդիմության կողմից Ասադի իշխանության տապալումը կազմակերպվել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից։ «Դետք»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
«Այո, Սիրիայի հարևան երկրներից մեկը նույնպես ակնհայտ դերակատարում է ունեցել այդ հարցում և դեռ ունի, բոլորը դա տեսնում են։ Սակայն հիմնական դավադիրները ԱՄՆ-ն ու սիոնիստական ռեժիմն են», - ասել է Խամենեին՝ նկատի ունենալով Թուրքիային, որի անվերապահ աջակցություն է ցուցաբերում Սիրիայի զինված ընդդիմությանը։
Իրանի գերագույն առաջնորդի համոզմամբ՝ Սիրիայի երիտասարդությունը, վստահաբար, կազատագրի Սիրիայի օկուպացված հատվածները։
Ալի Խամենեին մերժել է այն պնդումները, թե Սիրիայում իշխանափոխությունը թուլացրել է դիմադրության ճակատը տարածաշրջանում և հենց Իրանում։ Նա նշել է, որ դժվարին իրավիճակներում դիմադրության ճակատն ավելի ուժեղ և ավելի մոտիվացված է դառնում։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 8-ին Սիրիայի զինված ընդդիմությունը Դամասկոսում գրավել է պետական հեռուստատեսության շենքը և եթերում հայտարարել երկրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին: Սիրիայի վարչապետ Մուհամմեդ Ղազի ալ-Ջալալին հայտնել է, որ մի շարք նախարարների հետ միասին մնում է երկրում և կապ է հաստատել ընդդիմության ղեկավարության հետ:
Ասադն ընտանիքի հետ ժամանել է Մոսկվա, որտեղ նրանց ապաստան է տրամադրվել: Հաղորդվում է նաև, որ Ռուսաստանի ներկայացուցիչները պահպանում են կապը սիրիական զինված ընդդիմության առաջնորդների հետ, որոնք երաշխավորել են ռուսական ռազմաբազաների և դիվանագիտական օբյեկտների անվտանգությունը:
Add new comment