Ցանկացած երկիր, որը համագործակցում է Իսրայելի հետ Իրանի դեմ, կվճարի դրա համար. իրանցի գեներալ
Իրանի Խաթամ ալ-Անբիա կենտրոնական շտաբի հրամանատար Ղոլամ Ալի Ռաշիդը հայտարարել է՝ ցանկացած երկիր, որն Իսրայելի ռեժիմի հետ համագործակցում է Իրանի ազգային անվտանգությանը սպառնալու համար, կվճարի այդ գործողությունների համար։ Այս մասին տեղեկացնում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։
Ալի Ռաշիդն ընդգծել է, որ սպառնալիքին լրջորեն վերաբերելը և թշնամուց պաշտպանվելն ու հարձակման պատրաստվելն Իսլամական հեղափոխության առաջնորդի հրահանգներից են և մանևրների տրամաբանությունը։ Նա նշել է, որ Խաթամ ալ-Անբիա հակաօդային պաշտպանության ուժերի միացյալ շտաբն ամեն տարի ողջ երկրում խոշոր զորավարժություններ է անցկացնում։
Գեներալի խոսքով՝ ՀՕՊ միացյալ շտաբի հրամանատարները հավատարիմ են զորավարժությունների հիմնական սկզբունքներին, ներառյալ պլանավորման ճշգրտությունը, լրջությունը: Նա հայտնել է, որ Խաթամ ալ-Անբիայի կենտրոնական շտաբը, երկրի զինված ուժերի գլխավոր շտաբը, բանակը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը գնահատում են Իսրայելի բոլոր սպառնալիքները։
«Ցանկացած երկիր, որը կհամագործակցի սիոնիստական ռեժիմի հետ Իրանի ազգային անվտանգությանը սպառնալու համար, կվճարի իր գործողությունների գինը, և մեր ունակ ռազմական ուժերը հարվածներ կհասցնեն ագրեսիայի աղբյուրին ու կթիրախավորեն մեր թշնամու հետ համակարգված համագործակցող բոլոր կենտրոններն ու հենակետերը»,- եզրափակել է նա։
Add new comment